Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 24ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1895 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է Գուրգեն Յանիկյանը՝ հայ գրող եւ ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից (մահ.՝ 1984 թ.)։

-1914 թ. դեկտեմբերի 24-ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ ծննդյան հրադադարը։

-1919 թ. դեկտեմբերի 24-ին սկսվել են Ագուլիսի ջարդերը։

-1951 թ. դեկտեմբերի 24-ին Լիբիան անկախացավ Միացյալ Թագավորությունից եւ Ֆրանսիայից։

-1974 թ. դեկտեմբերի 24-ին մահացել է Իդա Քարը (Քարամյան)՝ հայ լուսանկարիչ (ծնվ.՝ 1908 թ.)։

-1919 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է Մեհենդակ Մելիքյանը՝ հայ փիլիսոփա։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981), փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969), մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945)։

-1940 թ. դեկտեմբերի 24-ին մահացել է Գասպար Ոսկանյանը՝ խորհրդային ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս: Քաղաքացիական պատերազմում ցուցաբերած զորավարական տաղանդի եւ հերոսության համար խորհրդային իշխանությունների կողմից պարգեւատրվել է Կարմիր դրոշի եւ Կարմիր աստղի երեքական շքանշաններով։

-1777 թ. դեկտեմբերի 24-ին Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ ատոլային կղզին՝ Կիրաբատի կղզեխմբի Սուրբ ծննդյան կղզին։ Օղակղզին (ատոլ-օղակաձեւ, ներփակ կամ կիսաբաց, կորալային կղզի)՝ մինչեւ 100 մ խորությամբ ծովալճակով, ունի ծովալճակը շրջապատող օղակի համատարած ճեղքվածք։ Առաջանում է կորալային խութերի աճից՝ հրաբխային կղզիների եզրին։ Օղակղզիներից շատերն ունեն ճոխ բուսականություն եւ բնակեցված են։ Հանդիպում են առանձին կղզիներով եւ արշիպելագներով արեւադարձային բաց ծովերում (Խաղաղ օվկիանոս)։

-1868 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է Էմանուել Լասկերը՝ գերմանացի շախմատիստ, դիրքային դպրոցի ներկայացուցիչ, աշխարհի երկրորդ չեմպիոն (1894-1921 թթ.), մաթեմատիկական եւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ Լասկերը պահպանում է չեմպիոնության իր տիտղոսը 27 տարի, ինչը ռեկորդային ձեռքբերում է շախմատում, եւ շարունակում է հանդես գալ բարձր մակարդակով` մինչեւ 68 տարեկան։ Լասկերը տիրապետել է յուրօրինակ խաղային ոճի, սակայն նրա ամենաուժեղ կողմը համարում են դիրքային զգացողությունը եւ վերջնախաղը։ Շատ կենսագիրներ եւ հետազոտողներ Լասկերին համարում են շախմատի հոգեբանական մոտեցման բացահայտող։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում