Պարային մրցույթները՝ ոգևորության աղբյուր. Հայաստանը հյուրընկալել է պարողների աշխարհի տարբեր երկրներից
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պարարվեստի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու, պարողներին առավել ոգևորելու, նրանց մրցակցային ոգին բարձրացնելու նպատակով օրերս Երևանում անցկացվել է VIVAT Cup 2021 WDSF Open պարի միջազգային մրցույթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցել են պարային զույգեր ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Վրաստանից, Ղազախստանից:
Մրցույթի կազմակերպիչ Արմեն Մխիթարյանի խոսքով՝ VIVAT ակումբը 2011 թվականից մինչ օրս տարին մեկ անգամ կազմակերպում է բաց մրցաշար, որի շրջանակում երկու տարբեր մրցույթ է անցկացվում՝ սպորտային պարերի և տարբեր պարային ոճերի՝ բրեյք դանս, հիփ հոփ, պարային շոու, մոդեռն, հայ ժողովրդական, աշխարհի ժողովուրդների պարեր և այլն:
«Մրցույթը վարկանիշային է և կոչվում է WDSF Open: Մրցույթին մասնակցել են վեց երկրի մարզիկներ: Ամեն երկրից մի քանի զույգ է մասնակցել, իսկ մրցավարները Լատվիայից էին, Լեհաստանից, ԱՄՆ-ից և մասնակից երկրներից: Կարևորում եմ այն հանգամանքը, որ Հայաստանի պարողները չեն զիջել արտերկրի պարողներին և Հայաստանի զույգը երիտասարդների լատինաամերիկյան կարգում հաղթել է»,-ասաց Մխիթարյանն ու հավելեց, որ եղել են հինգ տարբեր կարգեր տարբեր պարաոճերում և տարիքային խմբերում:
WDSF Open երիտասարդների լատինաամերիկյան պարաձևում հաղթել է Հայաստանը ներկայացնող Նիկիտա Զիմլիանոյ և Ամելիա Սեֆերյան զույգը, Մեծահասակների կարգում հաղթել է Ռուսաստանից Յարոսլավ Կիսելյով և Սոֆիա Ֆիլիպչուկ զույգը, որը ներկայումս երիտասարդների կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն է, Պատանի 2 լատինաամերիկյան պարաձևում հաղթող է ճանաչվել Լիտվայից Կիպրաս Կուրա և Էլզե Գինտվիլե Վալյունայտե զույգը. նրանք աշխարհի տասը պարաձևում փոխչեմպիոններ են, իսկ Պատանի 2 եվրոպական պարաձևում կրկին հաղթել է Կիպրաս Կուրս և Էլզե Գինտվիլե Վալյունայտե զույգը: Երիտասարդներ եվրոպական պարաձևում հաղթել է Բելառուսից ժամանած Վլադիսլավ Միխնո և Անժելինա Տարասևիչ զույգը:
Անդրադառնալով Հայաստանում պարարվեստի զարգացմանը՝ Արմեն Մխիթարյանը, որը նաև Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահն է, շեշտեց՝ առաջնային են համարում Հայաստանում տարբեր պարաոճերում միջազգային մրցույթների հաճախակի անցկացումը, ընդհուպ մինչև աշխարհի առաջնության, որը Հայաստանում մեկ ամիս առաջ է անցկացվել: Նրա համոզմամբ՝ շատ երկրներ կերազեն իրենց երկրում աշխարհի առաջնություն կազմակերպել, իսկ Հայաստանը դա արդեն արել է:
«Միջազգային վարկանիշային մրցույթներն էլ թե՛ մարզիկների, թե՛ մարզիչների և թե՛ Հայաստանում աշխատող մրցավարների համար շատ օգտակար են, որովհետև այլ պարողների հետ մրցակցությունը ոգևորում է: Եթե երբեմն-երբեմն մեր պարողները չեն կարողանում լինել արտերկրում, պարել ու մրցել այլոց հետ, ապա այս անգամ Հայաստանում ենք նրանց համար նման հնարավորություն ստեղծել: Մրցույթները պարողներին հնարավորութուն են տալիս ավելի շատ աշախատել իրենց վրա, նոր ազդակներ ստանալ: Համեմատելով և տեսնելով տարբեր զույգերի առավելությունները, բացթողումները՝ պարողներն ավելի լավ արդյունքների են ձգտում»,-շեշտեց Մխիթարյանը:
Նա նշեց, որ պարողների ոգևորությունն առավել մեծացնելու նպատակով Հայաստանում պարբերաբար հյուրընկալում են միջազգային ճանաչում ունեցող վարպետների, որոնք սեմինարներ են անցկացնում մեր երկրում: Նրանցից են Ալեքսեյ Սիլդեն, որը լատինաամերիկյան պարաձևում աշխարհի եռակի չեմպիոն է, Ռոման Գոնչերովը, որը ևս շատ լավ արդյունքներ է ցույց տվել միջազգային մրցույթներում, իսկ այժմ նրա սաներն են հաղթանակներ գրանցում աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնություններում, և այլք:
Անժելա Համբարձումյան