Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է անցնող մարզական տարին և խոսել գալիք տարվա ծրագրերից:
Լրագրողների հետ զրույցում Գիլոյանն ընդգծել է, որ Հայաստանը ներկայացնող մարզիկները 2021 թվականին տարբեր մրցաշարերում նվաճել են 199 մեդալ:
«Սա շատ բարձր արդյունք է: Ուրախալի է նաև այն, որ սերնդափոխությունը շատ լավ է անցնում: Փոփոխություն է տեղի ունեցել նաև մարզիկների, մարզիչների աշխատավարձերի հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գիլոյանը:
Նախարարի տեղակալի խոսքով` 2022 թվականին նախարարությունը նպատակ ունի Հայաստանի բոլոր մարզերում մեկական հավաքովի մարզադահլիճ կառուցել:
«Աշխատանքները շարունակվում են նաև Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում և մեծ է հավանականությունը, որ այն կբացվի 2024 թվականին: Հաջորդ տարի կսկսվեն նաև Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները»,-ասաց նա: