Հասարակական

Բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք. շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար

3 րոպեի ընթերցում

Բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք. շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին՝ ուղեբեռով:

Հայաստան ժամանած քաղաքացու ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ 2 փաթեթ: Դրանք թաքցված են եղել նրա ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերված «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1721 գրամ: Այս խմբաքանակի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ, կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, իսկ օտարերկրացին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 267․1 հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ :

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից շարունակվում է համապատասխան միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում