ՀՀ վարչապետը Մոլդովայի նախագահի հետ քննարկել է երկկողմ բիզնես ֆորում անցկացնելու հարցը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն արդյունավետ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։
«Մենք քննարկել ենք երկկողմ բիզնես ֆորում անցկացնելու գործընթացը և ուսումնասիրել փոխադարձ ներդրումային հնարավորությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մոլդովայի նախագահը։
Մայա Սանդուն նշել է, որ երկրի ղեկավարները պայմանավորվել են նաև համատեղ գործողություններ ձեռնարկել երկու երկրների միջև առևտրի ծավալներն ավելացնելու համար։
Productive meeting with PM @NikolPashinyan ahead of #EaPSummit. We discussed opportunities to launch a joint business forum and explore mutual investment opportunities in #Moldova & #Armenia. We also agreed to take joint actions to increase trade volumes between our countries. pic.twitter.com/df8yQKK3hc
— Maia Sandu (@sandumaiamd) December 15, 2021
ՀՀ վարչապետի աշխատակազմը ևս այս հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատել Մոլդովայի հետ քաղաքական երկխոսությունը:Վարչապետն ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` հավելելով, որ դրա համար կան լավ նախադրյալներ ու անհրաժեշտ ներուժ: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է երկու երկրների կառավարությունները շարունակեն սերտ գործակցությունը` առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման նպատակով:
Նիկոլ Փաշինյանը և Մայա Սանդուն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակում գործակցությանը,դեկտեմբերի 15-ին կայանալիք գագաթնաժողովի օրակարգին, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։