54-ամյա կնքահայրը 9-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել. նախաքննությունն ավարտված է
2 րոպեի ընթերցում
![54-ամյա կնքահայրը 9-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել. նախաքննությունն ավարտված է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1070628.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են 59-ամյա տղամարդու կողմից աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները:
«Նախնական քննությամբ իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար տվյալներեն ձեռք բերվել այն մասին, որ 59-ամյա տղամարդը, ով հանդիսացել է 9-ամյա աղջիկ երեխայի կնքահայրը, բնակարանում երեխայի հետ գտնվելով միայնակ, օգտվելով վերջինիս՝ սեքսուալ բնույթի գործողությունների իմաստը չգիտակցելու և դրանց դիմակայելու անօգնական վիճակից, իր նկատմամբ ունեցած վստահությունից, դեմ գնալով համամարդկային արժեքներին և նորմերին, սեռական կրքերին խեղաթյուրված եղանակով հագուրդ տալու հանցավոր դիտավորությամբ՝ 2021թ. հուլիսի 24-ին երեխայի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել երեխայի մորեղբոր կնոջ սենյակ մտնելու պատճառով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: