Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը. ՀՀ ԱԳՆ

Ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել ոճրագործությունների միջոցով 
աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԱԳՆ-ից, հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան:

Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան հստակ արձանագրում է, որ «պատմության բոլոր փուլերում ցեղասպանությունները մեծ վնասներ են պատճառել մարդկությանը»՝ դրանով իսկ հաստատելով, որ ցեղասպանության հանցանքներ տեղի են ունեցել նաև կոնվենցիայի ընդունումից առաջ: Ցեղասպանության կոնվենցիայի մշակման համար կարևոր օրինակ է ծառայել Հայոց ցեղասպանությունը, ինչի վերաբերյալ հրապարակայնորեն հանդես է եկել կոնվենցիայի տեքստի հեղինակ Ռաֆայել Լեմկինը:

Վերոնշյալ կոնվենցիայի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթղթին միացած պետություններն իրավական պարտավորություն են ստանձնում ոչ միայն պատժելու, այլև կանխելու ցեղասպանությունները. հանգամանք, որը խիստ էական է ազգային, էթնիկ, կրոնական և ռասայական խմբերի համընդհանուր պաշտպանության համար:

Չնայած կատարված մեծ աշխատանքին, միջազգային հանրության կողմից դեռ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն ժամանակին և համարժեք արձագանքելու, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները դատապարտելու և ցեղասպան պետություններին պատասխանատվության ենթարկելու համար: 

Այսօր տարբերվում են ցեղասպանություններ գործելու մեթոդներն ու ձևերը, սակայն ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը:

2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020 թվականին առաջադրված և կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևում հստակ նշվում է, որ ցեղասպանության արդարացումը, անցյալի հանցագործությունների կանխակալ գնահատումն ու ժխտումը մեծացնում են բռնության կրկնության վտանգը:

Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է  պատմական հիշողությունը, կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը:

Դատապարտելի են մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը, քանի որ հենց մշակութային ժառանգությունն է հնարավորություն ստեղծում պահպանել ազգային կամ կրոնական ինքնությունը:

Անթույլատրելի են ազգային, էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի նկատմամբ գերակայության դրսևորումները կամ վերջիններիս նկատմամբ ուժի կիրառման արդարացումները:

Հայաստանի Հանրապետությունը հետևողական կերպով կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]