Նախարարը նպատակահարմար չի համարում կենսաթոշակառուների վերաբերյալ ընդդիմադիրների առաջարկը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը այս փուլում նպատակահարմար չի համարում կենսաթոշակառուներին վճարել միանվագ 10 հազար դրամ՝ վերջիններիս կողմից կամավոր պատվաստվելու դեպքում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի առաջարկին։
Մանուկյանի խոսքով՝ Կառավարությունն իր այդ առաջարկը մերժել է՝ նշելով, թե չի գտնում, որ այս փուլում դրամական փոխհատուցման եղանակն այն ուղին է, որը կարող է արդյունավետ լինել նշված խմբի քաղաքացիների առողջությունը պաշտպանելու նպատակով։
«Փաստորեն, այս կառավարության գործելաոճն է, որ ինքը սիրով դիմում է պատժիչ միջոցների, ինչպես, օրինակ, 7 օրը մեկ պարտադրում է, որպեսզի աշխատողները իրենց գործատուներին ՊՇՌ թեստ հանձնեն վճարովի հիմունքներով։ Աշխատանքից ազատման սպառնալիքների ներքո պարտադրում է, որպեսզի կամ պատվաստվեն, կամ վճարովի հիմունքներով ՊՇՌ թեսթ հանձնեն։ Ամեն ինչ, ամեն ձև, ամեն մեթոդ մղում է պարտադրանքի, սակայն խրախուսական միջոցը մերժում է»,- ընդգծեց Մանուկյանը։
Ի պատասխան պատգամավորի այդ դիտարկմանը՝ Ֆինանսների նախարարը նշեց, որ եթե պատգամավորի կողմից առաջարկված հարցի մասին խոսեին մեկ ու կես տարի առաջ, երբ նոր էր կորոնավիրուսը տարածվում և դեռևս չկար բավարար չափով փորձ ու գիտելիք դրա հետևանքների դեմ պայքարի արդյունավետության միջոցների մասին, գուցե այդ եղանակը լիներ շատ տեղին և ակտուալ, սակայն ներկայումս իրավիճակն այլ է։
«Նախ՝ քաղաքացիների գիտակցումը և համոզվածությունը, որ պատվաստումներն են այն հիմնական եղանակը, որով պետք է պաշտպանել հանրային առողջությունը և մեր քաղաքացիների առողջությունը առանձին վերցված։ Երկրորդ՝ կամավոր պատվաստումների տեսակարար կշիռը այլևս զգալի չափով ավելացել է և շարունակում է ավելանալ բարձր տեմպերով։ Երրորդ՝ երբ նայում ենք աշխարհի համանման փորձը, տեսնում ենք, որ ամենևին այդ եղանակով չէ, որ երկրներին հաջողվել է հասնել պատվաստումների բարձր ցուցանիշի։ Գտնում ենք, որ նման եղանակով միջոցներ ծախսելու կարիք չկա և մեր կենսաթոշակային տարիքի համաքաղաքացիներին բոլոր այլ հնարավոր եղանակներով հորդորում, բացատրում, խրախուսում ենք, որ իրենց իսկ և իրենց հարազատների առողջությունը պաշտպանելու և պահպանելու նպատակով կամավոր պատվաստվեն»,- ասաց նախարարը։
Խաչատրյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը շատ ուշադիր հետևում է և´ հանրային տրամադրությանը, և´ աշխարհում տեղի ունեցող զարգացումներին: Եթե պարզվի, որ դա արդյունավետ եղանակ է քաղաքացիների շրջանում պատվաստվածության աստիճանը էապես բարձրացնելու համար, կքննարկեն այդ առաջարկը։