Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ճգնաժամով պայմանավորված` Լիբանանի հայ համայնքը դժվարությունների մեջ է. ինչ ակնկալել ՀՀ կառավարությունից

Ճգնաժամով պայմանավորված` Լիբանանի հայ համայնքը դժվարությունների մեջ է. ինչ 
ակնկալել ՀՀ կառավարությունից

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում սոցիալական, տնտեսական խորը ճգնաժամ է, քաղաքական հարցերի պատճառով երկիրը ֆինանսական պաշարման մեջ է հայտնվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը:

«Երկրում կա առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ, կտրուկ արժեզրկվել է լիբանանյան արժույթը: Լավ պատկերացնելու համար ասեմ հետևյալը. լիբանանյան 1500 արժույթը ժամանակին համարժեք էր 1 դոլարի, այսօր 23 հազարի սահմանը հատել է: Կա վառելանյութի տագնապ, այն շատ թանկացել է, պետությունը չի կարողանում սուբսիդավորել, իսկ առանց դրա այն շատ թանկ է քաղաքացիների համար: Կենցաղային տարրական հարցերը կարգավորելու համար Լիբանանի բնակչությունը ստիպված է տեղական արժույթով մեծ վճարումներ կատարել, ինչն էլ հանգեցրել է աղքատության խորացմանը»,- ասաց Շահան Գանտահարյանն՝ ավելացնելով, որ չեն կարողանում խուսափել հոսանքազրկումներից:

Համավարակով պայմանավորված դժվարություններ ևս կան, կրճատվել են ուսումնական հաստատությունների աշխատանքային օրերը: Որոշում է կայացվել երկարաձգել տոնական արձակուրդների ժամկետը: Շահան Գանտահարյանը նկատեց, որ համավարակի զգուշավորությունը լուռ ձևով նաև տնտեսական ճգնաժամի հետ է կապված: Մարդիկ ավտոմեքենաներով պետք է գնան աշխատանքի, իսկ դա ենթադրում է բենզինի ծախս:

Այս դժվարին իրավիճակում ի՞նչ աջակցություն է ակնկալում Լիբանանի հայ համայնքը Հայաստանից, արդյո՞ք հայրենադարձության միտումներ կան: Շահան Գանտահարյանը նշեց, որ այս պահին լայնածավալ հայրենադարձության երևույթ չկա այն պարզ պատճառով, որ մարդիկ չեն կարողանում օգտվել բանկերում պահվող իրենց գումարներից: Բանկային համակարգը սառեցվել է, ամսվա կտրվածքով բնակիչները փոքրաթիվ գումար են կարողանում վերցնել իրենց հաշիվներից, իսկ այլ երկիր տեղափոխվելը գումարներ է ենթադրում:

«Իհարկե, պարզ է, որ յուրաքանչյուր ճգնաժամ հանգեցնում է որոշակի արտահոսքի: Կարծում եմ, որ Հայաստանում պետք է համապատասխան ծրագրեր լինեն այդ ուղղությամբ: Խոսքը ոչ միայն բնակարաններին է վերաբերում, այլև աշխատանքի հնարավորությանը: Գործազրկությունն այս օրերին համաշխարհային երևույթ է, ինչը դժվարացնում է ճգնաժամում հայտնված համայնքների արտահոսքին համարժեք արձագանքելը»,- ասաց Շահան Գանտահարյանը:

Նրա խոսքով, Միջին Արևելքի երկրների հայ համայնքների պարագայում պետք է հատուկ հայեցակարգ մշակել Հայաստանի համապատասխան գերատեսչությունների, միջինարևելյան երկրներում գործող դիվանագիտական անձնակազմի, համայնքների պատասխանատու մարմինների մասնակցությամբ: Անհրաժեշտ է անցկացնել փակ քննարկումներ, խորհրդակցություններ՝ հաշվի առնելով բոլոր յուրահատկությունները, նաև այն, որ հայերը նաև այդ երկրների քաղաքացիներ են:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հանձնակատարի գրասենյակը Լիբանանում տիրող իրավիճակի և լիբանանահայության իրադրության շուրջ մշտական կապի մեջ է Բեյրութում ՀՀ դեսպանության, ինչպես նաև տեղական, համայնքային ու հասարակական, բարեգործական տարբեր կազմակերպությունների հետ: Նա հիշեցրեց, որ Լիբանանում կառավարական ճգնաժամը խորացել է դեռևս նախորդ տարվանից: Ֆինանսատնտեսական և քաղաքական ճգնաժամին գումարվել է նաև 2020-ի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը: Այդ օրվանից սկսած նկատելի է դարձել Լիբանանից հայության արտահոսքը, մի մասը ներգաղթել է ՀՀ: Արցախի պատերազմով պայմանավորված՝ այդ ներգաղթը մի պահ կանգնել է, հետո կրկին վերականգնվել: Ըստ Հովհաննես Ալեքսանյանի՝ 2021 թվականի ամռանից Բեյրութից Երևան հոսքը նկատելի է:

«Մենք 2020-ին մշակել էինք Հայաստան տեղափոխված լիբանանահայության աջակցության փաթեթ, այն շրջանառության մեջ էր գտնվում, սակայն պատերազմով պայմանավորված՝ չիրագործվեց: Թեպետ, փաթեթի առանձին տարրեր, այնուամենայնիվ, իրականացվել են»,- ասաց Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է հենց Լիբանանի հայությանն աջակցելուն, ապա հանձնակատարի գրասենյակի պաշտոնյան հիշեցրեց ՀՀ-ից երեք չվերթներով Լիբանան ուղարկված հումանիտար առաքելության մասին՝ ոչ միայն լիբանանահայությանը, այլ նաև Լիբանանի բնակչությանը:

Անդրադառնալով ներկայում լիբանանահայության իրավիճակին՝ նա ասաց. «Իրավիճակն իրականում շատ բարդ է, ֆինանսատնտեսական ճգնաժամ է: Լիբանանյան արժույթը մոտ 10-15 անգամ արժեզրկվել է, աշխատավարձերը մի քանի անգամ նվազել են, կան պարենային և այլ տիպի խնդիրներ: Մենք պատրաստել ենք տեղեկանք և ներկայացրել կառավարությանը: Մենք Լիբանանի աջակցության փաթեթը վերանայել ենք Հայաստանի ներկա իրողություններին և հնարավորություններին համապատասխան»,- ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Նա նշեց, որ Հայաստան տեղափոխված Լիբանանի հայությանն օգնություն է ցուցաբերվում տարբեր հարցերում՝ սկսած բիզնես հիմնելու դեպքում տեղական տուրքերից, հարկերից ազատելուց մինչև մանկապարտեզներում երեխաներին տեղավորելը, փաստաթղթային հարցերում աջակցելը և այլն: «Ներկա պահին Լիբանանի տարածքում հայությանն աջակցություն ցուցաբերելու գործընթաց 2021-ի համար չկա դեռևս, բայց մենք կարիքները վերհանել ենք, որոնք հիմնականում դեղորայքային և պարենային են: Այդ մասով մեր առաջարկությունները տեղեկանքի ձևով ներկայացրել ենք»,- ասաց նա:

Հանձնակատարի գրասենյակը Լիբանանից Հայաստան տեղափոխվելու, աջակցություն ստանալու դիմումներ ստանում է, ամենօրյա ռեժիմով կապի մեջ է նրանց հետ, լուծում է տարատեսակ խնդիրներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]