Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. 5 գաղափար ստացել է դրամական խրախուսանք

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. 5 գաղափար ստացել է 
դրամական խրախուսանք

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ միջոցառմանը մասնակցել են նույն նախարարության նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Մրցույթն անցկացվել է 20 անվանակարգերում.

Ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան գի­տու­թ­յուն­ներ.

Քի­մի­ա­կան գիտություններ.

Կեն­սա­բա­նա­կան գի­տու­թ­յուն­ներ.

Տեխ­նի­կա­կան գի­տու­թ­յուն­ներ.

Գյու­ղատն­տե­սա­կան գի­տու­թ­յուն­ներ.

Պատ­մա­կան գի­տու­թ­յուն­ներ.

Տնտե­սա­գի­տու­թ­յուն.

Բա­նա­սի­րական գիտություններ.

Իրա­վա­բա­նա­կան գի­տու­թ­յուն­ներ.

Ման­կա­վար­ժա­կան գի­տու­թյուններ.

Բժշկական գիտություններ.

Դեղագործական գիտություններ.

Արվեստագիտություն.

Ճարտարապետություն.

Հոգեբանական գիտություններ.

Ռազմական գիտություններ.

Սոցիոլոգիական գիտություններ.

Քաղաքական գիտություններ.

Գի­տու­թ­յուն­ներ Երկ­րի մա­սին.

Տեղեկատվական տեխնոլոգիաներ.

Մրցույթին բոլոր 20 անվանակարգերից ներկայացվել է 137 հայտ: Գնահատման նախնական փուլը հաղթահարել և եզրափակիչ գնահատման փուլ է անցել 41 հայտ՝ 19 անվանակարգից. եզրափակիչ փուլ չի անցել միայն «Իրավաբանական գիտություններ» անվանակարգը:

Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ այս մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդներին հանդես գալու նորարարությամբ, ներկայացնելու ապագային միտված իրենց գաղափարները, որոնք հանրային կյանքը ավելի հեշտ և արդյունավետ կդարձնեն: Ըստ փոխնախարարի՝ մյուս տարիների համար նախատեսվում է մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ իրականացնել, այն է՝ մրցանակային գումարը բացառապես ծառայեցնել գաղափարի կյանքի կոչմանը, անվանակարգերը կսահմանվեն, և հայտերը կներկայացվեն ոչ միայն գիտական ուղղություններով, այլև հաշվի կառնվեն ծրագրերի սոցիալական կիրառելիությունը: Ա. Մարտիրոսյանը նկատել է, որ նմանօրինակ հետաքրքրության պայմաններում միայն 5 գաղափար ընտրելը քիչ է: Նա հույս է հայտնել, որ ֆինանսավորումը կավելանա, կամ կլինեն համաֆինանսավորողներ:

 «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հինգ անվանակարգերում հաղթող գաղափարներն են՝

Քիմիական գիտություններ՝ «Նոր բաղադրությամբ արագ ամրացող և բարձր ընդարձակման գործակցով հրակայուն կապակցողների ստացումը (MeF)_2 (Me-Mg,Ca)-CaO-(AI)_2O_3-(SiO)_2 համակարգի ապակիների հիմքով»:

Տեխնիկական գիտություններ՝ «Գերկարծր նանոհատիկային նյութերից կոմպոզիտային զրահաբաճկոններ»:

Գյուղատնտեսական գիտություններ՝ «Անասնակերերի (սիլոս) փոքրածավալ արտադրության նոր տեխնոլոգիայի մշակում»:

Պատմական գիտություններ՝ «Պատմությունն աչքի առաջ»:

Ռազմական գիտություններ՝ «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերումով ակտիվ ՀՕՊ համակարգ՝ «Վիշապաքաղ»:

«Հույս ունեմ, որ մրցանակային գումարը կուղղեք ձեր գաղափարների իրագործմանը: Իսկ չհաղթող մասնակիցներին ոչ մի դեպքում չընկճվելու, այլ նոր ոգևորությամբ աշխատելու կոչ եմ անում, քանի որ ձեր գաղափարները կարող են կյանքի կոչվել այլ շահագրգիռ կառույցների աջակցությամբ»,- հաղթողներին մրցանակ հանձնելիս ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ հավելել է, որ որպես գերատեսչություն՝ իրենք պատրաստ են համագործակցելու և քննարկելու երիտասարդների նախագծերը:

Հաղթող երիտասարդները նշել են, որ հաղթանակը ոգևորիչ է, և հայտերը պատրաստելիս առաջին հերթին առաջնորդվել են իրենց գաղափարներով ու առաջ քաշած նորարարություններով երկրի զարգացմանն ու ներկայացված ոլորտների առաջխաղացմանը ծառայելու հրամայականով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]