Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահվան դեպքերը նվազագույնի հասցնելու համար պատգամավորը անհրաժեշտ է համարում պատվաստման գոնե 80 տոկոսի հասնելը

Մահվան դեպքերը նվազագույնի հասցնելու համար պատգամավորը անհրաժեշտ է 
համարում պատվաստման գոնե 80 տոկոսի հասնելը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը Հայաստանում պատվաստումների տեմպը գնահատում է լավ, սակայն սա դեռ բավարար չէ, պետք է հասնել պատվաստման պատշաճ մակարդակի՝ ծանր և մահվան դեպքերը կանխելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Հայաստանում վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճից հետո նվազման միտում է նկատվում: «Փաստացի բուժվողների թիվը իջել է, հասել շուրջ 12 հազարի: Սակայն, ցավոք, ունենք մահացության բարձր թվեր, թեև շատ ավելի բարձր է եղել: Հիմա օրական արձանագրվում է 20-40 դեպք, 2-3 շաբաթ առաջ մեկ օրվա կտրվածքով, ցավոք, ունեցել ենք շուրջ 80 դեպք»,-ասաց Զեյնալյանը:

Պատգամավորը նկատեց, որ զուգահեռ Հայաստանում առկա է պատվաստումների լավ տեմպ՝ ընդհանուր առմամբ 1 մլն 200 հազարից ավելի, բայց այդ թվերը դեռ բավարար չեն: «Մենք պետք է գոնե հասնենք 80 տոկոս պատվաստվածության մակարդակի, որպեսզի նաև մահացության թվերը սկսեն իջնել: Վարակվածության թվերը, այո, իջնում են, բայց որպեսզի չունենանք ծանր դեպքեր, մահացու դեպքեր, պետք է պատվաստվածության պատշաճ մակարդակ ունենանք»,-ասաց Զեյնալյանը:

Մահացության դեպքեր, ցավոք, դեռ լինելու են, քանի դեռ չկա պատվաստումների պատշաճ մակարդակ: Հայաստանում արդեն օրական իրականացվում է 15-20 հազար պատվաստվում: «Սա կարծում եմ, որ ոչ ցանկալի, բայց բավարար ցուցանիշ է, որ մենք առնվազն գարնան առաջին ամիսներին ունենանք պատվաստման ցանկալի մակարդակ»,-նշեց Զեյնալյանը:

Պատգամավորը խիստ անհրաժեշտ է համարում պատվաստման տեմպերն ավելացնելը և բնակչության շրջանում ինֆորմացիոն հոսքերը պատշաճ մակարդակի պահելը, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ վարակը կանխելու միակ տարբերակը պատվաստումն է:

Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամի վերաբերյալ դեռ շատ բան հայտնի չէ, սակայն, առնվազն հայտնի է, որ վարակելիության աստիճանն ավելի բարձր է, քան նախկին շտամերի դեպքում: Թե այս շտամի դեպքում հիվանդությունը ծանրության ինչ ընթացք է ունենում կամ մահաբերության տոկոսն ինչքան կլինի, դեռ հայտնի չէ: «Բայց առնվազն այն, որ վարակելիության աստիճանն ավելի բարձր է, ևս մեկ ազդակ է, որ քննարկվեն սահմանափակումների այն բոլոր հնարավոր գործիքները, որ անհրաժեշտության դեպքում պետք է մտցնել, եթե ունենանք այդ շտամի մուտք Հայաստան և նման տարածվածություն»,-ասաց Զեյնալյանը:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարը հայտնել էր, որ նոր շտամով պայմանավորված՝ նախատեսում են մի շարք երկրներից, որոնք ենք Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Բոտսվանայի Հանրապետությունը, Լեսոտոյի Թագավորությունը, Նամիբիայի Հանրապետությունը, Զիմբաբվեի Հանրապետությունը, Մոզամբիկի Հանրապետությունը, Մադագասկարը և Տանզանիան, քաղաքացիների մուտքը Հայաստան ժամանակավոր սահմանափակել: Անդրադառնալով հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է մուտքի սահմանափակումներ կիրառել նաև այն երկրներից ժամանողների համար, որտեղ ևս հայտնաբերվել է վիրուսի նոր շտամը՝ Զեյնալյանը նկատեց, որ սահմանափակումը հնարավոր է իրականացնել տոտալ լոքդաունի պայմաններում միայն: Կարելի է նոր շտամի մուտքը ՀՀ կանխել ցանկացած թռիչք, ՀՀ մուտքը, ելքը ամբողջությամբ արգելելու դեպքում, սակայն պատգամավորի կարծիքով՝ այնուամենայնիվ, ամբողջական կանխում հնարավոր չէ: «Հնարավոր չէ ընդմիշտ փակել սահմանները, ինչ-որ փուլում բացվելու է, և վիրուսը միևնույն է մտնելու է Հայաստան: Դրա համար կարևոր է ճիշտ պլանավորել՝ բոլոր հնարավոր սցենարներով, թույլ սահմանափակումներ, մի քիչ ավելի խիստ կամ ավելի խիստ սահմանափակումներ: Պետք է քննարկել բոլոր սցենարները, ունենալ գործիքակազմը, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք արագ գործի դրվեն»,-ասաց պատգամավորը:

Առողջապահության նախարարությունը նոր նախագծով նախատեսում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին  քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ:

Զեյնալյանը նկատեց, որ տարբեր երկրներում տարբեր խստության սահմանափակումներ են կիրառվում, որով փորձ է արվում կանխել վարակի տարածումը: Հայաստանում տարբեր սահմանափակումներ են քննարկվել, որոնցից մեկն էլ եղել է հանրային վայրերում միայն պատվաստված անձանց մուտքը թույլատրելու տարբերակը: «Դա ամիսների շարունակ կիրառվում է եվրոպական երկրներում, Ռուսաստանում. այն մարդիկ, որոնք պատվաստված չեն, իրավունք չունեն մուտք գործել ռեստորաններ, սրճարաններ, մշակութային հաստատություններ և այլն: Մեզ մոտ դա ևս բավականին ակտիվ քննարկվել է այն փուլում, երբ կտրուկ սկսեց աճել փաստացի բուժվողների թիվը»,-ասաց Զեյնալյանը՝ նկատելով, որ ներկայում փաստացի բուժվողների թվի նվազում է նկատվում:

Պատգամավորը կարծում է՝ եթե նկատվի թվերի աճ, նոր շտամի մուտք Հայաստան, ինչն անխուսափելի է, ապա խելամիտ կլինի գնալ հանրային վայրեր չպատվաստված անձանց մուտքն արգելելուն: Եթե դեպքերի նվազման տեմպը շարունակվի այնքան, որ Հայաստանը ԱՀԿ-ի սանդղակով «կանաչ գոտի» մտնի, ապա, ըստ պատգամավորի, նման խիստ սահմանափակման կարիք չի լինի:  «Կախված է աճի տեմպից, բոլոր հնարավոր գործիքները քննարկվում են: Առողջապահության նախարարությունը փորձում է կանխել՝ բոլոր հնարավոր սցենարները պլանավորելով:  Եթե ունենանք թվերի աճ, նոր շտամի մուտքը լինի, ինչը կարծում եմ, որ անխուսափելի է, բնականաբար այլ գործիքներ ևս կկիրառվեն, որպեսզի փորձենք կանխել այդքան մահերը և վարակի ակտիվ տարածումը»,-ասաց Զեյնալյանը:

Իսկ, թե այդ սահմանափակումն ուժի մեջ մտնելուց հետո վերահսկողությունն ինչպես է իրականացվելու, պատգամավորը նկատում է՝ այդ ծավալի պետական վերահսկողություն հնարավոր չէ իրականացնել, և յուրաքանչյուր տնտեսավարող պետք է գիտակցի իր պատասխանատվության չափը:

Աննա Գրիգորյան

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]