Ապավինելու ենք քաղաքացիների ողջամտությանը. Ասոյանը` հունվարի 1-ից կիրառվող սահմանափակումների մասին
1 րոպեի ընթերցում
![Ապավինելու ենք քաղաքացիների ողջամտությանը. Ասոյանը` հունվարի 1-ից կիրառվող սահմանափակումների մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1069556.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագրի վերաբերյալ սահմանափակումների կիրառումը վերահսկելու մեխանիզմները մշակման փուլում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես են վերահսկելու հունվարի 1-ից կիրառվող սահմանափակումները:
«Ամեն պարագայում ապավինելու ենք քաղաքացիների ողջամտությանը և տնտեսավարողների բարեխղճությանը՝ կիրառելով նաև վարչական պատասխանատվությունը, որը, իհարկե, շատ կարևոր է, սակայն բոլոր դեպքերի համար լուծում չէ»,- ասաց Ասոյանը:
Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ: