Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար

Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա 
առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, ինչի արդյունքում մեղադրանք է առաջադրվել Արշակ Հակոբյանին:

«Հիմնավորվել է, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձը 2017 թվականի տարեկան հայտարարագրում դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` համապատասխանաբար 2017 թվականի արտադրության, 90.000 ԱՄՆ դոլարին համարժեք 43.069.500 ՀՀ դրամ արժեքով Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և 2008 թվականի արտադրության Samand Soren 1.8 մակնիշի ավտոմեքենաները:

Նշվում է, որ մասնավորապես, նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ Արշակ Հակոբյանը «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի տրանսպորտային միջոցը գնել է կանխիկ վճարմամբ, ապա` վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 22.007.259 ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը:

2021թ. նոյեմբերի 29-ին Արշակ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/` հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]