1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը մտադիր է կրկին երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքի գործողության ժամկետը

Հայաստանը մտադիր է կրկին երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման 
արգելքի գործողության ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է դեկտեմբերի 31-ից հետո կրկին երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքի գործողության ժամկետը. արգելքը նպաստում է տեղական արտադրությունների հիմնմանը, բացն էլ լրացվում է տարբեր շուկաներից ներկրումներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը:

Գերատեսչությունը քննարկել է, վերլուծություն կատարել, թե արգելքը որքանով է տնտեսապես արդյունավետ, ինչպիսի բարդություններ և հնարավոր դրական արդյունքներ կան դրանից: «Գտնում ենք, որ վերջնական սպառման թուրքական ապրանքների ներկրման արգելքը տրամաբանական է և պետք է շարունակվի: Հետևաբար, էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է վերահաստատել  այդ քաղաքականությունը, ևս 6 ամսով երկարաձգել արգելքի գործողության ժամկետը»,- ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ կրկին կպահպանվի Հայաստանում արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների, միջանկյալ սպառման ապրանքների ներկրումը:

Նախքան արգելքը Հայաստանի տնտեսության մեջ թուրքական ապրանքների մեծ շրջանառություն է եղել՝ տարեկան մոտ 260 մլն դոլարի: Մինչև այս տարվա սեպտեմբեր այն կազմել է ընդամենը 20 մլն դոլար՝ թույլատրելի, արտադրական նյութերի ներկրման արդյունքում: Իսկ կանխատեսումները, թե թուրքական ապրանքների ներկրման արգելքի արդյունքում տնտեսությունը կկանգնի, տեղի չեն ունեցել: Ավելին՝ այն տնտեսության վրա որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Հիմնվել են արտադրություններ՝ տեքստիլի, կոշկագործության, շինանյութի բնագավառներում, բացվել է ներկերի արտադրություն: Նախարարությունը տեղյակ է նաև հիմնման փուլում գտնվող խոշոր արտադրությունների մասին: Արգելքից հետո հնարավոր դեֆիցիտը տեղական արտադրությամբ լրացնելուց բացի լրացվել է նաև այլ երկրներից ներմուծումներով: Փոխարինումը եղել է հիմնականում ԵԱՏՄ շուկայի միջոցով, որի շրջանակում իրականացվում է անմաքս առևտուր, ԵՄ շուկայի միջոցով:

«Արաբական Միացյալ Էմիրություններից այս տարի եղել է մոտ 1.3 մլն դոլարի կոշիկի ներմուծում, որը մինչ այդ 0  է եղել: Իտալիայից ներմուծվել է նավթամթերք, ինչը նախկինում չի արվել, սակայն նախքան արգելքը ներմուծում է եղել Թուրքիայից: Այսինքն՝ շուկաները փոխարինվում են: Ընդ որում՝ այդ պրոցեսը տեղի է ունենում ոչ ցավոտ»,-ասաց փոխնախարարը:

Վերջին 6 ամսում արգելքի գործողության տնտեսական վերլուծության արդյունքում գերատեսչությունը նկատել է՝ արգելքի արդյունքում, չնայած տնտեսավարողների համար առաջացող որոշ սահմանափակումներին, ընդհանուր առմամբ էական վատ ազդեցություն չկա: Ասլանյանը նկատում է՝ գործարարներից ոմանց մոտ, իհարկե, խնդիրներ առաջացել են, սակայն, մեծամասնությունը սահմանափակումների արդյունքում առաջացած խնդիրները հաղթահարել է՝ նաև հայրենասիրական նկատառումներով: Գործարարները գտնում են ճանապարհ՝ անհրաժեշտ ապրանքները տաբեր շուկաներից բերելու: Նախարարությունն էլ իր հերթին արգելքը դնելուց անմիջապես հետո արգելվող ապրանքների համար վերլուծություն է արել, գտել  այլընտրանքային շուկաներ, որտեղից կարող են տնտեսավարողները ներմուծել, տեղեկացրել է նրանց, բացի այդ՝ առաջարկել է օգտվել արտադրություն հիմնելու պետական աջակցության ծրագրերից:

Ասլանյանը հիշեցրեց՝ արգելվել է ոչ թե միայն Թուրքիայից ապրանքների ներկրումը, այլ թուրքական ծագման ապրանքների ներկրումը՝ որ երկրից էլ լինի: «Դա նշանակում է, որ, եթե, օրինակ, ԵԱՏՄ տարածքից թուրքական ծագման սերտիֆիկատով ապրանքներ են գալիս, չեն կարող մտնել ՀՀ: Բայց մենք ԵԱՏՄ-ի հետ բաց առևտուր ունենք, ինչը նշանակում է, որ վերահսկողության իրականացումը բավականին դժվար է»,- ասաց փոխնախարարն ու չբացառեց սերտիֆիկատների կեղծումը:

Նա վստահություն հայտնեց, որ եթե ներկրման այդպիսի դեպքեր լինում են, ՊԵԿ-ի գործընկերները գտնում են ճանապարհներ՝ կանխելու դա:

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում արգելք դնելու հնարավորություն ունի 6 ամսով: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքի գործողության ժամկետը այնուհետև երկարաձգվել էր մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

Աննա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]