Հասարակական

ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ վարույթ է հարուցվել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից՝ վարույթ է հարուցվել «Նատալի Ֆարմ», «Պրոմ-տեստ», «Գիսանե», «Էկոսենս», «Նորմեդ», «Սիրմեդ», «Ա.Բ.մեդ», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն», «Ցիտո-լաբ», «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, «Բիոմեդ» և «Արինտերլև» ՍՊԸ-ների նկատմամբ:

Նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտության (ՊՇՌ թեստեր) ծառայություններ մատուցելիս վերոնշյալ ընկերությունները 2021 թվականի որոշակի ժամանակահատվածում սահմանել են ծառայության մատուցման միևնույն գին, որը պահպանվել է տևական ժամանակ։ Ընդ որում, ընկերություններից որոշների մոտ միևնույն ժամանակահատվածի ընթացքում ինքնարժեքները միմյանցից խիստ տարբերվել են:

Միաժամանակ հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ վարույթ է հարուցվել «Էկոսենս», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն» և «Պրոմ-տեստ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման հնարավոր հատկանիշներով:

Նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ ծառայություններ մատուցելիս այդ ընկերությունների կողմից 2020 թվականից մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գների սահմանումը, փոփոխումը և պահպանումը կարող է լինել չհիմնավորված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում