Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Տոնոյանն ԱԺ ընդդիմությանը կոչ արեց սահմանազատման խնդրի առնչությամբ հայտարարությունից հանել ընդդիմադիր ենթատեքստը

Տոնոյանն ԱԺ ընդդիմությանը կոչ արեց սահմանազատման խնդրի առնչությամբ 
հայտարարությունից հանել ընդդիմադիր ենթատեքստը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, սահմանազատման առնչությամբ հայտարարության տեքստից հանել ընդդիմադիր ենթատեքստը և հետամուտ լինել, որ այն ընդունվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոնոյանն այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

Տոնոյանը հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ-ում հոկտեմբերին չի ընդունվել հրատապ թեմայով  քննարկման արդյունքում առաջարկվող ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: «Այդ նախագծով, ի թիվս այլ կետերի, առաջարկվում էր, որ ԱԺ-ն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020-ի սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ զինված ագրեսիան, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը և Ադրբեջանի ԶՈՒ-ից կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը: Նախագծով նաև առաջարկվում էր, որ ԱԺ-ն հայտարարի, որ առաջնորդվում է ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև ՀՀ գերագույն խորհրդի 1992-ի հուլիսի 8-ի որոշման՝ ըստ որի ՀՀ-ն հետևողականորեն սատար է կանգնում Արցախի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: Երկրորդ՝ ՀՀ-ի համար անընդունելի է միջազգային և ներպետական ցանկացած փաստաթուղթ, որում Արցախի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,-հիշեցրեց Տոնոյանը:

Նրա մոտ այդ փաստաթղթին ծանոթանալուց հետո հույս է առաջացել, որ եթե այդ փաստաթուղթը հաստատվի, ապա ապահովագրված ենք բազմաթիվ վտանգներից: Ըստ Տոնոյանի՝ այդ հայտարարությունը վերքաղաքական էր: Սակայն, նա հիշեցրեց, որ հայտարարությունը չի ընդունվել, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» նշել է, որ նախագծի մշակմանը չի մասնակցել, հայտարարության բովանդակության մեջ ընդդիմադիր քաղաքական ենթատեքստ է նկատել:

Տոնոյանը հարց ուղղեց ՔՊ-ին. «Նախագծի շրջանառումից անցել է մեկ ամիս, ինչը, կարծում եմ, բավարար ժամանակահատված էր՝ ձեր նկատած ենթատեքստերը շտկելու, առաջարկներ ներկայացնելու  համար: Դուք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկե՞լ եք»:

Նա դիմեց նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին. «Նկատի ունենալով, որ այդպիսի հայտարարությունը այս հարցում կարող է կարևորագույն համախմբում ապահովել, խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ ձեզ հայտարարության տեքստից հանել ընդդիմադիր  այդ ենթատեքստը և հասնել նրան, որ այն ընդունվի»:

«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության տեքստը ԱԺ հոկտեմբերի 27-ի նիստում չէր ընդունվել: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ իրենք որևէ խնդիր չեն տեսնում նախագծում տեղ գտած այն դրույթների ու թեզերի հետ, որոնք վերաբերվում են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին, հակամարդկային գործողություններին: Սակայն, ըստ իշխանական խմբակցության, հայտարարության մեջ տեղ են գտել նաև ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ՝ ընդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ, որոնք, ըստ ՔՊ-ի, չէն կարող տեղ գտնել նման հայտարարության մեջ: Այսպիսով ՔՊ-ն չէր մասնակցել քվեարկությանը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]