Հասարակական

Գյումրիում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ

2 րոպեի ընթերցում

Գյումրիում անցկացվեց  աշխատանքի տոնավաճառ

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրի ներքո նոյեմբերի 19-ին Գյումրու երիտասարդական պալատում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնավաճառը կազմակերպել էր «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը՝ «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի հետ համատեղ։ «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի տեղեկացմամբ տոնավաճառին թեև ներկա էին 25 գործատուներ, իրականում ներկայացված էին 127 գործատուներ՝ առաջարկելով 650-ից ավել թափուր աշխատատեղեր։

Ի տարբերություն մինչ այս մարզում կազմակերպված տոնավաճառների, այս տոնավաճառն աննախադեպ է նրանով, որ մեկտեղվել էին ինչպես գործատուները, այնպես էլ պետական ուսումնական հաստատությունների ուսանողները՝ կրթությունից սահուն անցում կատարելու համար աշխատաշուկա։

«Ուրախ եմ, որ տևական դադարից հետո Գյումրիում կրկին բացվել է աշխատանքի տոնավաճառ։ Հույս ունեմ, որ այն կտա ցանկալի արդյունք և կդառնա կամուրջ գործատուների և աշխատանք փնտրողների միջև»,-տոնավաճառի բացմանը նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրի ներքո կազմակերպվող տոնավաճառը ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրի շրջանակում է իրականացվում, նպատակ ունի միավորել Շիրակի մարզի գործատուներին, աշխատանք փնտրողներին, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատություններին։ Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են երկու տասնյակից ավելի գործատուներ և մասնագիտական կրթական հաստատություններ:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում