Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացումը հնարավոր է համարում եռակողմ պայմանավորվածության կյանքի կոչմամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շարունակելու է միջնորդական ջանքերը՝ կարգավորելու հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք ամեն դեպքում կարծում ենք, որ իրադրության կայունացման միակ ուղին եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումն է: Եվ մենք կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է առաջին հերթին հետևեն իրենց ստանձնած պարտականություններին, ինչը երաշխիք կդառնա, որ նմանօրինակ միջադեպերը չկրկնվեն»,- ասել է Պեսկովը:
Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։