Քաղաքականություն

ՀՀ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին տեղեկացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի զինված հարձակման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան:

«ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»,-նշել է նա:

Նա նաև հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրել է, որ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը:«Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ծավալված ռազմական գործողությունների հետևանքով երկու կողմից կան կորուստներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում