Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային ձևաչափի նպատակը հենց խաղաղության համաձայնագրի հասնելն է. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային ձևաչափի նպատակը հենց խաղաղության համաձայնագրի  հասնելն է.  ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Խաղաղության առաջարկն Ադրբեջանի մենաշնորհը չէ, մենք ինքներս ենք մի քանի անգամ խաղաղության առաջարկ արել, ու շատ տարօրինակ են այն հայտարարությունները, թե ՀԱյաստանը չի արձագանքել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանի նախագահը, հատկապես վերջին շրջանում, տարբեր միջազգային ամբիոններից խոսում է այն մասին, թե ինքը խաղաղության առաջարկություն է արել Հայաստանին, սակայն Հայաստանը չի պատասխանել։ Նույն կարծիքին է նաև Թուրքիայի նախագահը։

«Հայաստանն արձագանքել է այդ հայտարարություններին, Հայաստանն ասել է, որ պատրաստ է։ Մենք նաև ընդգծել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային ձևաչափի նպատակը հենց խաղաղության համաձայնագրի հասնելն է։ Եվ մենք ասել ենք, որ այո, պատրաստ ենք այդ քննարկումներին և պատկերացնում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կատարվող աշխատանքի արդյունքներով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներառմամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ ՀՀ կառավարությունն, ընդհանրապես, խաղաղ դարաշրջան բացելու օրակարգ է որդեգրել.

«Մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մանդատ ենք ստացել մեր ժողովրդից, ու նաև դա արձանագրել ենք կառավարության ծրագրում։ Նաև արձագանքել ենք միջնորդներին, հրապարակային ենք արձագանքել, որ այո՛, մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների»։

Ճշտող հարցին՝ պայմանագրի կնքումը մենք պատկերացնում ենք Մինսկի խմբո՞ւմ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Պայմանագիրը պետք է կնքեն Հայաստանը և Ադրբեջանը, բայց բանակցային գործընթացքը մենք պտկերացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում