Հասարակական

Նման ծանրաբեռնվածություն չենք ունեցել. Անի Ապրահամյանը՝ կրիոգեն կայանի աշխատանքի  մասին

3 րոպեի ընթերցում

Նման ծանրաբեռնվածություն չենք ունեցել. Անի Ապրահամյանը՝ կրիոգեն կայանի աշխատանքի  մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային համավարակի պայմաններում Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Ֆիզիկայի ինստիտուտ) թթվածին արտադրող կայանն աշխատում է գերծանրաբեռնված՝ օրը 24 ժամ: Հիվանդանոցներում գնալով ավելանում է թթվածնի կարիք ունեցողների թիվը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանը նշեց, որ նախորդ տարի աշխատանքի պիկը եղել է նոյեմբերին, որի համեմատ ներկայում շատ ավելի ծանրաբեռնված են աշխատում:

«Նման ծանրաբեռնվածություն դեռ չենք ունեցել: Նախորդ շաբաթ մեզ ներկայացրած թթվածնի պահանջարկը 4 անգամ ավելի էր, քան մեր արտադրանքի ծավալը: Այսօր հերթապահությամբ օրը 24 ժամ աշխատեցնում ենք մեր կրիոգեն կենտրոնը, որպեսզի կարողանանք հասցնել, ընդունել ենք նաև նոր աշխատողների: Նախկինում հիվանդանոցներն էին մեզ դիմում թթվածնի համար, հիմա՝ առողջապահության նախարարությունը, որպեսզի ինքը բաշխի՝ ըստ անհրաժեշտ կարիքների»,- ասաց Անի Ապրահամյանը:

Կրիոգեն կենտրոնը 60 և ավելի տարի շահագործվում է, և համավարակի պայմաններում այս ծանրաբեռնվածությանը չէր դիմանում: Խափանումներն օր օրի ավելանում էին: Եթե սկզբում երկու շաբաթը մեկ խափանում էր գրանցվում, ապա դա դարձավ շաբաթը մեկ: Բոլորովին վերջերս արդեն կայանում ամեն օր էր խնդիր առաջանում: Այդ իրավիճակը բարդացնում էր թթվածնի արտադրությունը, կայանը չէր հասցնում անհրաժեշտ պահանջարկն ապահովել: Որպես լուծում Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան առաջարկեց նոր կրիոգեն կայան ձեռք բերել: ԱՄՆ-ի հայ բժիշկների, կազմակերպությունների աջակցությամբ անհրաժեշտ սարքավորումը ձեռք է բերվել, և այն Հայաստանում է: Անի Ապրահամյանը նշեց, որ արդեն մի քանի օր է գործարկում են, և նոր կայանով ավելի դյուրին է աշխատանքը կազմակերպելը, ծախսվում է ավելի քիչ էլեկտրականություն:

«Նոր կրիոգեն կայան ունենք, սակայն չենք հրաժարվում հին կայանից: Քանի որ թթվածնի պահանջարկը շատ է, մտածում ենք, որքան հնարավոր լինի հին կայանը նորոգել ու աշխատեցնել, այդպես էլ կանենք: Որքան հնարավոր է հին կայանի կյանքը կերկարաձգենք»,-ասաց Անի Ապրահամյանը:

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան այնպիսի որակի թթվածին է արտադրում, որը կարելի է օգտագործել գիտության տաբեր ոլորտներում: Անի Ապրահամյանը նշեց, որ նման դեպքում շատ կարևոր է թե գազի, թե ջրային թթվածնի մաքրությունը, ինչն իրենք ապահովում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում