Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին հաղթանակ է շնորհվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կշարունակի պայքարն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ հայ մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշան հաղթանակի պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը: Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո, մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու ¼ եզրափակիչի Բաչկով- Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Երկու բրոնզե մեդալը ապահովված է: