Գյումրու նորընտիր քաղաքապետը խոստանում է՝ աշխատելու է ի շահ քաղաքի
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,1 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը գյումրեցիներին խոստանում է՝ աշխատելու է ի շահ Գյումրիի:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին ավագանու առաջին նիստի ավարտին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց նորընտիր քաղաքապետը:
Անդրադառնալով ավագանու ընդդիմադիր թևի հետ հետագա աշխատանքին՝ նա հույս հայտնեց, որ, տեսնելով իր ու իր թիմի կատարած աշխատանքը, ընդդիմադիր ուժերը կփոխեն իրենց վերաբերմունքը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր կարող ուժերը միասին քայլ անելով, կարողանանք քաղաքի խնդիրները վեր հանել ու լուծել՝ դա մեր քաղաքի շահերից է բխում»:
Ինչ վերաբերում է ՔՊ-ի հետ հուշագրի ստորագրման անհրաժեշտությանը՝ «Բալասանյան դաշինքը» ներկայացնող առաջնորդը տեղեկացրեց ՔՊ-ի ձայների բացարձակ մեծամասնությունը ստանալով՝ ավելի արագ կկարողանան լուծել Գյումրիի առջև ծառացած խնդիրները: Վարդգես Սամսոնյանը լրագրողներին հիշեցրեց, որ ըստ հուշագրի քաղաքապետի երկու տեղակալները կլինեն ՔՊ կուսակցությունից, իսկ կադրային մյուս հարցերը դեռ քննարկման փուլում են:
Վերջում քաղաքապետը լրատվամիջոցներին էլ խնդրեց՝ միասին, օբյեկտիվ ու թև թիկունքի աշխատելով՝ Գյումրին դարձնել գեղեցիկ ու անճանաչելի:
Ավագանու նիստից հետո քաղաքապետի ու իր կողմնակիցների առաջին այցը եղավ Գյումրու Սբ Աստվածածին /Յոթ վերք/ եկեղեցի:
Բաց քվեարկության արդյունքում նոյեմբերի 1-ին Գյումրու ավագանին մեծամասնությամբ կողմ են քվեարկել Վարդգես Սամսոնյանի օգտին՝ ավագանու 33 անդամից Սամսոնյանին ձայն են տվել 24-ը, «դեմ» են եղել 8-ը: «Կողմ» են քվեարկել «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները, «դեմ» են քվեարկել ՀՀԿ, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները: Ավագանու մեկ անդամ նիստին չի մասնակցել՝ հիվանդության պատճառով։
ԱրմենուհիՄխոյան