Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՌՀ-ում բացված Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն կտա հայ ուսանողներին ավելի լավ ճանաչելու Չինաստանը

ՀՌՀ-ում բացված Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն կտա հայ ուսանողներին 
ավելի լավ ճանաչելու Չինաստանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի նոր մասնաշենքում բացվեց Կոնֆուցիոսի լսարանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը լսարանի բացման արարողության ժամանակ հույս հայտնեց, որ չինացի մեծ փիլիսոփա և ուսուցիչ Կոնֆուցիոսի (մ. թ. ա. 552 – մ. թ. ա. 479) անվան կենտրոնը հնարավորություն կտա հայ ուսանողներին էլ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու չինարենի ուսումնասիրության ճանապարհին և կնպաստի հայ-չինական համագործակցությանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հիշելով հայ և չին ղեկավարների այն խոսքերը, որ Հայաստանի և Չինաստանի լավ հարաբերությունները պայմանավորված են հայ և չին ժողովուրդների բարեկամական հարաբերություններով, դեսպան Ֆան Յոնգը ընդգծեց, որ ամենակարևորը այդ հարաբերություններում «մարդկանց սրտերի կապն է»:

«Ես շատ ուրախ կլինեմ, եթե Հայ-ռուսական համալսարանի Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն տա, որ այս սրտային կապը ավելի բացվի: Հուսով եմ, որ Կոնֆուցիոսի լսարանը, ինչպես նաև միաժամանակյա թարգմանության լսարանը հնարավորություն կտան ավելի շատ երիտասարդների էլ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու չինարենի ուսումնասիրության ճանապարհին և կնպաստի երկու երկրների համագործակցությանն ու զարգացմանը: Կոնֆուցիոսի լսարանը կարող է հնարավորություն տալ բազմաթիվ ուսանողների ավելի լավ ճանաչելու Չինաստանի մշակույթը և լեզուն, բացի դրանից՝ նաև խորացնելու տնտեսական գիտելիքները և փոխադարձ հետաքրքրությունը Չինաստանի և Հայաստանի հանդեպ», - ասաց դեսպան Ֆան Յոնգը:

Չինաստանի դեսպանը իր երկրով և չինական մշակույթով հետաքրքրվող երիտասարդների թվի աճ է նկատել Հայաստանում և այդ առումով հույս ունի, որ դեսպանատան և համալսարանի փոխգործակցության և փոխօգնության արդյունքում ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն ուսանողների համար ճանաչելու Չինաստանը:

Այդ համատեքստում դեսպանը շեշտեց, որ Հայ-ռուսական համալսարանը արդեն հայտնի է հայ-չինական հարաբերությունների և Հայաստանում չինագիտության զարգացման գործում իր նշանակալի ներդրմամբ։ Նաև շնորհակալություն հայտնեց Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի Կոնֆուցիոսի ինստիտուտի՝ միջոցառմանը ներկա երկու տնօրեններին՝ Գոռ Սարգսյանին և Հան Մինծյեին:

Հիշելով նախորդ տարվա բոլոր դժվարությունները՝ դեսպան Ֆան Յոնգը հույս հայտնեց, որ սրանից հետո չին և հայ ժողովուրդներին ավելի լավ կյանք է սպասվում:

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն էլ իր հերթին նշեց, որ Կոնֆուցիոսի հրաշագեղ կենտրոնի բացումը իրականացվում է ՀՌՀ-ի և Չինաստանի կառավարության ու չինական դեսպանատան երկարատև, գործնական և բեղմնավոր համագործակցության շրջանակներում:

«Իմ շնորհակալական խոսքն եմ հաղորդում պարոն դեսպանին և Չինաստանի կառավարությանը: Պետք է նշեմ, որ Հայ-ռուսական համալսարանը միակն է մեր երկրում, որ իրականացնում է ակադեմիական ուսումնական ծրագրեր չինագիտության ոլորտում և ուղղությամբ: Մենք դա անում ենք երկար և բազում տարիներ և արդեն ունենք չափազանց տպավորիչ արդյունքներ: Մեր չինագետները աշխատում են իրենց մասնագիտությամբ անգամ Չինաստանում և մեծ հարգանք են վայելում իրենց մասնագիտական գործունեության մեջ», - հայտնեց համալսարանի ռեկտորը:

Միջոցառումն, իհարկե, չսահմանափակվեց դեսպանի և համալսարանական ղեկավարների ու պրոֆեսորա-դասախոսական կազմի ելույթներով: ՀՌՀ չինագիտության բաժնի և Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողները հետաքրքիր ներկայացում էին պատրաստել չինական մշակույթի թեմայով: Նրանք երգեցին չինարեն երգեր, ասմունքեցին ու նաև ցուցադրեցին, թե ինչպես են պատրաստում չինական թեյ:

Դեսպան Ֆան Յոնգն էլ իր հերթին ռեկտոր Արմեն Դարբինյանին և մյուս գործընկերներին հյուրասիրեց «լուսնային բլիթ» կոչվող չինական քաղցրավենիքով:

Արամ Սարգսյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]