Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Հայաստանի 9 համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի 9 համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մի շարք համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի համաձայն, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ։

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում միայն ավագանու անդամի ընտրություններ են։

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում կընտրեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի։

Շիրակի մարզի Գյումրի համայնքում համամասնական ընտրություններ են (առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա համայնքի ղեկավար), որտեղ պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Նույն մարզի Մեղրի համայնքի համամասնական ընտրություններին իրենց թեկնածուներին են առաջադրել Ազատական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Սյունիքի մեկ այլ՝ Տաթև համայնքում համամասնական ընտրությունը կկատարվի «Ապրելու երկիր» կուսակցության, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև։

Իսկ այդ մարզի Տեղ համայնքի համամասնական ընտրություններում պայքարի մեջ են «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Եվ, վերջապես, Տավուշի մարզի Դիլիջան համայնքում համամասնական ընտրություններին  մասնակցության համար գրանցվել են «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագի» կուսակցությունները և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 318 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 15 զանգվածային լրատվության միջոցներ:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]