1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պոլսահայ երգչուհի Սիբիլը դարձել է ‹‹City Of Smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի բարի կամքի դեսպան

Պոլսահայ երգչուհի Սիբիլը դարձել է ‹‹City Of Smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական 
հիմնադրամի բարի կամքի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլն այսուհետ առավել հաճախ կբարձրաձայնի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների, երիտասարդների խնդիրներն ու ձեռքբերումները։ Երգչուհին ‹‹City Of Smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամից ստացել է համագործակցության առաջարկ՝ դառնալ բարի կամքի դեսպան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:

Բարեգործական հիմնադրամի առաքելությունն է օգնել քաղցկեղ ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին՝ հիվանդությունը հաղթահարելու դժվարին ճանապարհին:

«Ինչպես ասել է ռուս մեծ գրող Դոստոևսկին, առանց երեխաների հնարավոր չէ սիրել մարդկությունը։ Երեխաները մեր երեկվա, այսօրվա, վաղվա   ապագայի կերտողներն են։ Աշխարհի ամենաթանկ զգացումը երեխաներին  ժպիտ պարգևելն է ու կորցրած մանկությունը նրանց վերադարձնելը։ Ինձ համար մեծ պատիվ է դառնալ «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի «Բարի կամքի դեսպաններից» մեկը։ Միասնաբար,  համատեղ ուժերով կկարողանա՛նք կյանքեր փրկել։ Մեծ ու փոքր միացե՛ք, հանուն մեր երեխաներին առողջություն պարգևելու, որպեսզի նրանք մեծանան, լավ ուսում ստանան ու մի օր էլ իրենք կարողանան բարի գործեր անել»,- ստորագրման արարողության ժամանակ ասել է երգչուհին։

Նշվում է, որ մինչ հիմնադրամի Բարի կամքի դեսպան դառնալը, երգչուհին բազմիցս այցելել է Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, հանդիպել ինչպես հիմնադրամի անձնակազմի, այնպես էլ այդ պահին բուժում ստացող երեխաների հետ։ 2020 թվականին համավարակի ժամանակ երգչուհին  արգենտինահայ հեռուստահաղորդավար Լեո Մոմջյանի հետ  նախաձեռնել էր բարեգործական օնլայն համերգ-դրամահավաք  «Միասին երեխաների համար» խորհրդանշական խորագրով, որին միացան աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայ երաժիշտները։ Համերգի ամբողջ հասույթն ուղղվեց քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը։

 «City Of Smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը հոգում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող բոլոր երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժումը Հայաստանում։ Մինչ օրս հիմնադրամն աջակցել է շուրջ 500 շահառուի Հայաստանից, Արցախից, Ջավախքից իր գործունեության ընթացքում տրամադրելով ավելի քան  850 մլն դրամ նրանց բուժման նպատակների համար։

2021 թվականի սեպտեմբերին Հիմնադրամի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Երևանում բացվեց Հայաստանում առաջին Մանկական պալիատիվ խնամքի կլինիկան։

Բարեգործական հիմնադրամի բարի կամքի դեսպաններն են նաև Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Տաթև Մանուկյանը և դանիահայ Լիլիթ Սահակյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]