Քաղաքականություն

Աբրահամյանի համար ընդունելի չէ հանձնաժողովի փոխնախագահի առաջադրման հարցով իշխանության դիրքորոշումը

2 րոպեի ընթերցում

Աբրահամյանի համար ընդունելի չէ հանձնաժողովի փոխնախագահի առաջադրման հարցով իշխանության դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն անընդունելի է համարում իշխանության մտադրությունը՝ նույն անձին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրելու հնարավորությունների սահմանափակման մասով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով արդեն 6-րդ անգամ Արթուր Ղազինյանին Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չընտրվելուն:

«Մենք այդ թեկնածուին ներկայացրել ենք, և իշխանությունների քմահաճույքով չէ, որ պետք է որոշվի, թե ով է լինելու մեր թեկնածուն: Այս պահին արդեն հայտարարվել է, որ նրանք գնում են այլ լուծումների, որոնք ևս անթույլատրելի են, այսինքն՝ օրենսդրական փոփոխությունների, որոնք հնարավորություն չեն տա մեկ թեկնածուին երկու անգամից ավելի առաջադրվելու»,- ասաց Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի՝ իշխանությունը դրանով ցանկանում է մեկտեղել իր նախասիրությունները, ցանկությունները և ստեղծել օրենսդրական կարգավորում:

Ավելի վաղ՝ Ղազինյանի թեկնածության հարցի 5-րդ անգամ քննարկմանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն և չընտրվի, ապա հարկադրված կլինեն առաջարկել ՔՊ խմբակցությանը՝ հանդես գալ նախաձեռնությամբ և հարցը կարգավորել հետևյալ սկզբունքներին համապատասխան. եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունն առաջադրում է նոր թեկնածու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում