Գյումրիի սելեկցիոն կայանը համագործակցության պայմանագիր կնքեց համառուսական հետազոտական ինստիտուտի հետ
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն և ՌԴ Ն. Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտը հոկտեմբերի 7-ին կնքեցին համագործակցության պայմանագիր:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` պայմանագրի կնքմանը նպաստեց 2021 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում երկու հաստատությունների ղեկավարների ստորագրած հուշագիր: Պայմանագրի hամաձայն իրականացվելու են ասպիրանտական փոխանակման ծրագրեր: Կլինի նաև փորձի փոխանակում, վերապատրաստում, մասնակցություն տարբեր գիտական համաժողովների, համատեղ փորձագիտական ուսումնասիրություններ: Աջակցություն կլինի նաև երիտասարդ գիտնականների դպրոցի ստեղծման աշխատանքներում: Գյումրի կատարած այցի շրջանակում Համառուսական հետազոտական ինստիտուտի տնօրեն Ելենա Խլեստիկինան ու փոխտնօրեն Ալեքսեյ Սավարզինը խոստացան նպաստել, որպեսզի 2022 թվականի մարտից արդեն նմանատիպ դպրոց գործի Գյումրիում: «Անշուշտ, շատ լավ հնարավորություն է: Ուրախ կլինենք, որ համագործակցության շրջանակում ասպիրանտական այս ծրագիրը շարունակականություն ունենա»,- ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ նշեց Գյումրու սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը:
Արմենուհի Մխոյան