Հոկտեմբերի 30-ին կանցկացվի «Վարչապետի գավաթ»-ի 2-րդ մարզաձևի՝ սիրողական կրոսավազքի մրցաշարը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը պահուստային ֆոնդից ավելի քան 35 միլիոն (35,710, 200) դրամ կհատկացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ համապատասխան որոշումն ընդունվեց հոկտեմբերի 7-ի կառավարության նիստում:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր զեկույցում ընդգծեց, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացումը շատ կարևոր նպատակ է հետապնդում և միտված է հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը:
«Նպատակը բարի է, նպատակը լավն է, նպատակը կրոսավազքի կազմակերպումն է, որը միտված է սպորտի մասսայականացմանը, հասարակության առողջության ամրապնդմանը», - ասաց ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ կրոսավազքը «Վարչապետի գավաթ» մրցաշարի երկրորդ միջոցառումն է սեպտեմբերին Սևանում անցկացված հեծանվավազքի մրցույթից հետո:
Նախարարը հիշեցրեց, որ ԿԳՄՍ նախարարությունը վարչապետից հանձնարարություն է ստացել՝ ամեն տարի զանգվածային միջոցառումներ անցկացնել 4 տարբեր մարզաձևերից:
Նախարարությունը մարզական այսպիսի միջոցառումների անցկացումը հիմնավորում է այն հանգամանքով, որ վերջին երկու տարիներին հանրապետությունում տիրող կորոնավիրուսային իրավիճակը զգալիորեն նվազեցրել է բնակչության ֆիզիկական ակտիվության մակարդակը հատկապես աշակերտների և ուսանողների շրջանում, և ֆիզիկական թերակտիվության պատճառով պետությանն ու հասարակությանը սպառնացող վտանգների չեզոքացումը առաջնային խնդիր է դարձել:
Վազքի մրցաշարն անցկացվելու է Երևան-Էջմիածին մայրուղում (Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում)՝ 2021 թ. հոկտեմբերի 30-ին: Վազքի երկարությունը 10 կմ է:
Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիներն, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և Մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիր (պայմանագրին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջում):
Նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ հատկացվելիք 35 մլն դրամից 15 միլիոնը կազմելու է կրոսավազքի մրցանակային ֆոնդը, մնացած գումարը կուղղվի կազմակերպչական տարբեր հարցերի լուծմանը:
Մրցաշարն անցկացվելու է երեք տարիքային խմբերում.
1-ին տարիքային խմբի մեջ մտնում են 15-17 տարեկան աղջիկներ և տղաներ, որոնք կհաղթահարեն 3 կմ:
2-րդ տարիքային խմբի մեջ մտնում են 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, որոնք կվազեն 10 կմ:
3-րդ տարիքային խմբում ընդգրկված են 36 տարեկանից բարձր տարիքի կանայք և 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ: 3-րդ խմբի կրոսավազքի երկարությունը նույնպես 10 կմ է:
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ 1-ին տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն նոութբուքերով:
2-րդ և 3-րդ տարիքային խմբերում մրցանակների հետևյալ բաշխումը կլինի.
1-ին տեղը գրաված մասնակիցը կստանա 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 400 հազար դրամ, 4-րդ տեղը՝ 150 հազար դրամ, 5-րդ՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75 հազարական դրամ, և 11-20-րդ տեղերը՝ 50 հազարական դրամ:
1-ին տարիքային խմբի մեկնարկը կլինի Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի մեկնարկը՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքից դեպի Էջմիածին քաղաքի կենտրոն:
Անդրադառնալով նախագծին և հիշեցնելով, որ սա երկրորդ մրցաշարն է հեծանվավազքից հետո՝ վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց ԿԳՄՍ նախարարից, թե կրոսավազքին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները ո՞ւր պիտի դիմեն և ի՞նչ ժամկետներում: Վահրամ Դումանյանը պատասխանեց, որ ձևավորվելու է այդ հարցերով զբաղվող հանձնաժողով, և իրենք մանրամասն կտեղեկացնեն քաղաքացիներին:
«Վարչապետի գավաթի» 1-ին միջոցառումը՝ սիրողական հեծանվավազքի մրցաշարը, տեղի է ունեցել 2021 թ. սեպտեմբերի 19-ին, որի արդյունքներով ամենաարագ հեծանվորդ էր ճանաչվել Արա Սարգսյանը՝ հաղթահարելով 42 կմ տարածություն: Հեծանվավազքի մրցանակային ֆոնդը նույնպես կազմել էր 15 մլն դրամ: Վարչապետը անձամբ էր պարգևատրել մրցույթի հաղթողներին և մրցանակակիրներին՝ տեղեկացնելով, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարն ունենալու է 4 մարզաձև` հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող, և տեղի է ունենալու ամեն տարի պարտադիր կերպով: