Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով

Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով, 13 միավոր մեքենասարքավորումներն իրենց տեսակով առաջինն են ու առայժմ միակը քաղաքում. ջրցան, աղբատար, 2 տեսակի ինքնաթափեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Բոլորը նախատեսված են քաղաքի պայմաններում աշխատելու համար: Իրենց ձևում դրանք յուրահատուկ են, որովհետև ինքնաթափերից մեկն, օրինակ, եռակողմ է, աղբատար մեքենան շատ պրակտիկ է, նախատեսված թափոնները տեսակավորելու համար: Ունենք նաև 1 միավոր ջրցան մեքենա՝ 9 խմ տարողությամբ, որի նմանը դեռ Երևանում չկա. ջրի շիթը կարգավորելու համար այն հատուկ ջրային ատրճանակ ունի: Հարմար է լանջերի ոռոգման համար»,-նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնիկատրանսպորտային հավաքակայանի պետ Աշոտ Բաղդասարյանը:

Համայնքի միջոցներով ձեռք բերված նոր տեխնիկան մի քանի օր է, ինչ Երևան է հասել, առաջիկայում, փաստաթղթային վերջին ձևակերպումներից հետո, այն արդեն գործի կանցնի: Մեծ ինքնաթափերը միանգամից կներգրավեն էտի աշխատանքներին:

«Չնայած ՀՈԱԿ-ը բավականին երիտասարդ է, այնուամենայնիվ, մինչ օրս կատարվել է մեծ աշխատանք: Ձեռք է բերվել մոտ 40 միավոր նոր, արդիական տեխնիկա: Իհարկե, մենք չենք բավարարվելու այդքանով և պետք է ամեն ինչ անենք հիմանդրի օգնությամբ, որ էլ ավելի համալրենք»,- ընդգծել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Հակոբյանը:

Մայրաքաղաքի կանաչապատման համար շահագործվող մեքենաները վաղուց արդեն հնամաշ էին և անարդյունավետ: Հիմա արդեն դրանց զգալի մասը փոխված է: Այս տարի ՀՈԱԿ-ն արդեն 2-րդ անգամ է համալրվում նոր տեխնիկայով. գարնանը բերված ուղևորափոխադրող մեքենաներն արդեն հարմարեցվել ու գործի դրվել:

«Մենք ունենք նաև վարորդների խնդիր և պետք է հիմնարկն այս ընթացքում համալրենք նոր աշխատակիցներով», - նկատում է Տիգրան Հակոբյանը:

Նոր տեխնիկան էապես կարագացնի և ավելի արդյունավետ կդարձնի կանաչապատման գործը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]