Ասորական համայնքի ներկայացուցիչները հորդորեցին վերանայել Դիմիտրովը խոշորացման նախագծում ներառելու որոշումը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչները հորդորում են վերանայել Արարատի մարզի Դիմիտրով գյուղը համայնքների խոշորացման նախագծում ներառելու որոշումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համայնքի ներկայացուցիչներն այս մասին ասացին ՀՀ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:
Ասորական եկեղեցու հոգևոր սպասավոր Նիկադիմիու Խանաևը նախ հիշեցրեց հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա եղբայրական հարաբերությունների մասին: «Մենք՝ ասորիներս, համերաշխությամբ ապրում ենք հայ ժողովրդի հետ, մեզ համար Հայաստանը դարձավ հայրենիք, որի շենացման և զարգացման համար չենք խնայում ոչինչ»,- ասաց նա:
Հայաստանում ասորիները բնակվում են Արարատի մարզի Վերին Դվին, Դիմիտրով, Կոտայքի մարզի Արզնի և Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքներում: «Այս գյուղերում ունենալով լիիրավ ինքնավարություն՝ մենք չունենք անհանգստանալու որևէ առիթ, թե կկորցնենք մեզ ընձեռված ինքնության պահպանման հնարավորությունը: Սակայն վերջերս մի տագնապ հարուցող երևույթի հետ ենք առերեսվում. Արարատի մարզի Դիմիտրով համայնքն ընդգրկված է համայնքների խոշորացման նախագծում, համաձայն որի այն պետք է խոշորացվի՝ ներառվելով կողքի համայնքների կազմի մեջ: Մենք հասկանում ենք, որ խոշորացման ծրագիրը միտված է սոցիալ-տնտեսական հարցերի կարգավորմանը, բայց վերոհիշյալ համայնքի խոշորացման դեպքում մենք լուրջ խնդիրների առաջ կկանգնեք»,-ասաց Խանաևն ու խոսեց ասիմիլյացիայի վտանգի մասին:
Նա՝ որպես ՀՀ-ում ասորական եկեղեցու հոգևոր սպասավոր, ՀՀ-ի ողջ ասորական համայնքի անունից խնդրեց վերանայել խոշորացման վերաբերյալ որոշումը և Դիմիտրով գյուղը թողնել որպես առանձին համայնք: «Դա մեզ համար կենսական նշանակություն ունի և ազգային դիմագծի պահպանման համար չափազանց կարևոր գործոն է»,- ասաց նա:
Ասորական համայնքից Իրինա Գասպարյանն էլ նշեց, որ հենց լսումների պահին Դիմիտրովի բնակիչները կանգնած են ԱԺ-ի դիմաց՝ դրոշներով: «Դիմիտրով գյուղում ստորագրահավաք է եղել: Դա արդեն տեղեկացնում է համայնքի բնակիչների կարծիքի մասին»,- ասաց նա:
Ավելի վաղ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել էր, որ նախագծի ընդունումից հետո նախատեսվում է ունենալ 6չմիավորվածհամայնքներ,որոնցիցմեկըկլինիԳյումրին,ևս5-ը՝ազգայինփոքրամասնություններովկամնրանցհետխառըբնակեցվածհամայնքները: