Հասարակական

ԵՊՀ-ում ստեղծվել է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ում ստեղծվել է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ստեղծվել է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն՝ համաձայն ս.թ. հունիսի 28-ին ընդունված որոշման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանն՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքականության և հարակից հիմնախնդիրների ուսումնասիրությունն այսօր խիստ արդիական է հատկապես Հայաստանի Հանրապետության համար:

«Կարծում եմ՝ բոլորիդ հայտնի է, որ այդ հիմնախնդիրը այսօր խիստ արդիական է և կարևոր հատկապես մեր հանրապետության համար: Այսօր մենք ֆակուլտետում ունենք անհրաժեշտ գիտական ներուժը այդ հիմնախնդիրներով զբաղվելու համար: Ամենակարևորն այստեղ այն է, որ ուսումնասիրությունները լինելու են օբյեկտիվ, անաչառ և տալու են յուրաքանչյուր հարցին մեզ հետաքրքրող ճիշտ պատասխանը: Եթե մենք մեր անցած պատմության սխալները, դժվարությունը վեր չենք հանում, ապա, բնականաբար, հետագայում պատմությունը կրկնվում է, և դա ունենում է ավելի ծանր հետևանքներ: Եվ այսօր մեր խնդիրն է լինելու գիտահետազոտական և փորձագիտական աշխատանքների կազմակերպումը: Այդ առումով մենք ստեղծել ենք տարբեր բաժիններ, որոնք ղեկավարելու են մեր դասախոսությունները, և այդ ուսումնասիրությունները, ես կասեի, մինչև կենտրոնի սկսելը մենք արդեն ունեինք», - ասել է Գեղամ Պետրոսյանը:

ԵՊՀ-ում Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի բացման առիթով այսօր՝ սեպտեմբերի 22-ին, բուհի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. սպառնալիքներ և մարտահրավերներ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համար» թեմայով բաց դասախոսություն է կարդացել ՌԴ ԱԳՆ համակարգում գործող Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող և քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը, որը Երևան է եկել «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի հրավերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում