Գեղասահորդները կմասնակցեն ՕԽ վարկանիշային մրցաշարին
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում սեպտեմբերի 22-ին կմեկնարկի Պեկինում 2022 թ. փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի վարկանիշային մրցաշարը:
Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը: Նրանք մրցավայր կմեկնեն մրցումներից երկու օր առաջ:
Պեկինի ստուգատեսին մասնակցելու համար Օբերստդորֆի մրցաշարում մենասահորդ տղամարդիկ պետք է զբաղեցնեն մինչև յոթերորդ, կանայք՝ հինգերորդ, իսկ պարային զույգը ՝ չորրորդ տեղերը:
Nebelhorn Trophy անվանմամբ մրցաշարը 1969 թվականից մշտական գրանցում է ստացել միջազգային ֆեդերացիայի օրացույցում: Ամենամյա այդ ստուգատեսն անցկացնում է Գերմանիայի գեղասահքի ֆեդերացիան՝ Բավարիայի երկրամասի Օբերստդորֆ քաղաքում: Ավանդաբար այդ մրցումներով է սկսվում գեղասահորդների մրցաշրջանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում