Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Պլանային վերանորոգումից հետո «Շիրակ» օդանավակայանը կրկին գործում է

Պլանային վերանորոգումից հետո «Շիրակ» օդանավակայանը կրկին գործում է

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգումից հետո վերաբացվեց  Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օդանավակայանից  հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը թռիչքներ չէին իրականացվում՝ պլանային վերանորոգման աշխատանքներ՝ վազքուղու ամբողջական նորոգում և  ժամանման նոր  սրահ կառուցելու նպատակով:

Կատարված աշխատանքներին ծանոթանալու ու ժամանման նոր սրահի բացմանը ներկա գտնվելու համար սեպտեմբերի 16-ին Գյումրիում էին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության պատասխանատուները:

Ժամանման հին սրահը, որն ուներ 400 քառակուսի մետր մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ, մինչդեռ կառուցված նոր սրահն ունի 870  քառակուսի մետր մակերես, որտեղ  գործում են  անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկինում ստեղծվող դժվարությունները: Ժամանման նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, այդ թողունակությունն անհրաժեշտության դեպքում  հնարավոր կլինի եռապատկելԱյս աշխատանքներին զուգահեռ իրականացվել են վազքուղու նորոգման աշխատանքներ: Այն ունի  3220 մետր երկարություն և  45 մետր լայնություն: Թեև  վազքուղու ասֆալտապատման ծածկույթի կյանքի միջին տևողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի  վազքուղին  վերջին անգամ նորոգվել է 2007 թվականին՝ 14  տարի առաջ: 14  տարվա շահագործումից վազքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր ու վնասվածքներ և անհրաժեշտություն էր զգացվում վազքուղու նորոգման: Վազքուղու համար կառուցվել  է նաև նոր ջրահեռացման համակարգ: Ըստ պայմանագրի՝ վազքուղին նորոգվում է երեք տարվա երաշխիքային սպասարկմամբ:

«Կատարված աշխատանքները հավանեցի: Ես նախկինում էլ եմ եղել օդանավակայանում ու հիշում եմ հին վիճակը: Կարծում եմ, Գյումրու օդանավակայանը դառնալու է հանգրվան զբոսաշրջիկների այցելության ու Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկը»,-տեսնելով կատարված աշխատանքը՝ նշեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նա հավելեց, որ օդանավակայանը այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաև սպասարկելու եվրոպական բյուջետային չվերթները:

«Այսօրվանից,  վերանորոգումից հետո վերսկսվում են չվերթները: Մեր ընկերության կողմից օդանավակայանում արվող ներդրումները վկայում են այն մասին, որ  մենք տեսնում ենք օդանավակայնի զարգացման ապագան»,- նշեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության  գլխավոր մենեջեր  Սերգեյ Ավետիսյանը:

«Շիրակ» օդանավակայանում իրականացրած ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար, որից 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը ժամանման սրահի կառուցման, իսկ մնացածը՝ վազքուղու նորոգման համար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961-ից: 2007-ին ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը  «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ

Արմենուհի Մխոյան

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]