Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց «Հայոց պահանջատիրության հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրություն

Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց «Հայոց պահանջատիրության 
հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 16-ին բացվել է «Հայոց պահանջատիրության հետքերով․ հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես։

Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Փարսամյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ցուցադրությունը թեմատիկ առումով առաջինն է և ունի նպատակային ուղղվածություն։

«Այստեղ ներկայացված են շուրջ երկու տասնյակ օսմաներեն բնօրինակ փաստաթղթեր, որոնք սեփականությունը հաստատող փաստաթղթեր են ու առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ։ Այստեղ կալվածագրեր են, որոնց մի մասը օսմանահպատակ հայ քաղաքացիների մասնավոր ունեցվածքի՝ տան, այգու, արտի, ջրաղացի, լուսանկարչատան և այլ տարածքների սեփականությունը հաստատող փաստաթղթեր են։ Կան նաև ազգապատկան ու համայնքապատկան կառույցների, կալվածքների սեփականության փաստաթղթեր՝ եկեղեցիներ, վանական համալիրներ։ Վերջիններիս մեծ մասը գոյություն չունեն՝ հավասարվել են հողին, սակայն այդ փաստաթղթերը հավաստում են այդ տարածքների հայկական լինելու մասին»,- նշեց Փարսամյանը։

Նրա խոսքով՝ բոլոր կալվածագրերը հայոց պահանջատիրության տեսանկյունից բավականին արժեքավոր են, քանի որ դրանք պետականորեն հաստատված փաստաթղթեր են՝ տրված են Օսմանյան կայսրության վարչության կողմից, և բոլոր փաստաթղթերի վրա կան տարբեր սուլթանների անձնական կնիքները։

Ցուցադրությունն առաջին օրն արդեն իսկ դիտել են այցելուներ Գերմանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իրանից, Չեխիայից և Ֆինլանդիայից։ Ժամանակավոր ցուցադրությունը տևելու է մինչև 2022 թվականի ապրիլ ամիսը։

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անց է կացվել նաև «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում․ հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագիրը կրող գիտաժողով։ Մասնակցում էին հետազոտողներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից և Հունաստանից։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]