Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

COVID-19-ով պառկած հիվանդների 97-98 տոկոսը պատվաստված չի եղել. նախարար      

 COVID-19-ով պառկած հիվանդների 97-98 տոկոսը պատվաստված չի 
եղել. նախարար

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային վարակի մուտացված տեսակներից «դելտա» հիմնամանրէի տարածման պատճառով Հայաստանում գրանցվել է մահացության և ծանր, ծայրահեղ ծանր ընթացքի համամասնության մեծացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով COVID-19-ի դեպքերի վերջին տվյալները և տեղեկացնելով, որ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Հայաստանում գրանցվել է 19 մահ:

«Պիտի ասեմ, որ, օրինակ, երբ անցյալ տարի մենք ունենում էինք 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսը կազմում էր շատ ավելի նվազ, քան հիմա է: Սա նշանակում է, որ նույն ցուցանիշի պարագայում մենք զբաղեցնում ենք ավելի շատ մահճակալներ, և մեր մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում»,- նշեց նախարարը՝ հայտնելով, որ այս պահին ունեցած 2 044 մահճակալներից զբաղեցված են 1 860-ը:

Միայն 319 վերակենդանացման մահճակալներից, ըստ նախարարի, զբաղված են 289-ը:

Ավանեսյանի խոսքով՝ նկատվող մյուս միտումն այն է, որ հիվանդանոցում COVID-19-ի վարակման պատճառով պառկած հիվանդների 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն եղել կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել:

«Սա շատ կարևոր ցուցանիշ է: Մենք դիտարկում ենք Իսրայելում, Միացյալ Թագավորությունում, եվրոպական երկրներում, որտեղ պատվաստման ցուցանիշը բավական բարձր է, նկատելի հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման և մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով իր թեթևությամբ անհամեմատելի է անցյալ տարի հետ: Այսինքն՝ COVID-19 համավարակը հաղթահարելու մեր գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է և թույլ տալ առողջապահական համակարգին հասցնել հիվանդների պատշաճ բժշկական օգնության տրամադրումը»,- ընդգծեց առողջապահության նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նաև հավելեց՝ առջևում աշուն է, իսկ ինչպես հայտնի է՝ աշնանային սեզոնին, ընդհանուր առմամբ, նկատվում է սրտանոթային, տարբեր խրոնիկ հիվանդությունների սրման աճ, և եթե ամբողջ հանրապետության մահճակալային ֆոնդի մեծ մասը շարունակի սպասարկել COVID-19-ով հիվանդներին՝ այլ հիվանդություններ ունեցող մարդկանց հոսպիտալացումը և նրանց պատշաճ բժշկական օգնության տրամադրումը ավելի կդժվարանա:

Հետևաբար, Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը օգնել միացյալ ջանքերով հնարավորինս կառավարելի շրջանակներում պահելու կորոնավիրուսի տարածումը և հեշտացնել բժիշկների պայքարը համավարակի դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]