Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մինչև տարեվերջ ավարտին կհասցվի համայնքների խոշորացման ծրագիրը. ի՞նչ առավելություն ունի այն

Մինչև տարեվերջ ավարտին կհասցվի համայնքների խոշորացման ծրագիրը. ի՞նչ 
առավելություն ունի այն

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել համայնքների խոշորացման ծրագիրը: Արդյունքում` հանրապետությունում նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) ևս 37 ծրագիր: Այս գործընթացի ավարտից հետո կլինեն 77 համայնք և Երևանը: Ընդհանուրը՝ 78 համայնք, այդ թվում ազգային փոքրամասնություններով բնակեցվածները:  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է 2011 թվականից: Հայաստանի իշխանությունները գնացին փուլային ճանապարհով:  

«Ավելի շատ բնակավայրեր այսօր միավորված են, քան չմիավորված: Կառավարությունը որոշում կայացրեց, որ վարչատարածքային բարեփոխումները շարունակվեն: Արդեն կառավարությունում հավանության է արժանացել համապատասխան նախագիծը և ներկայացվել ԱԺ: Այդտեղ նշված է, որ դեկտեմբերի 5-ին այդ միավորված համայնքների ընտրությունները պետք է անցկացվեն»,- ասաց Աշոտ Գիլոյանը:

Միավորման ծրագրերն իրականացվելու են Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում: Համայնքները միավորվում են, որպեսզի կառավարումն առավել արդյունավետ իրականացվի, հնարավորություններն էլ ընդլայնվեն: Չնայած արդյունավետության մասին դիտարկումներին, կան համայնքներ, որոնք դեմ են այս գործընթացին և մի շարք մտավախություններ ունեն խոշորացված համայնքի ավագանու կազմում իրենց բնակավայրից ներկայացուցիչ չունենալու, յուրաքանչյուր «թղթի» համար վարչական կենտրոն հասնելու և այլ հարցերի հետ կապված:

Աշոտ Գիլոյանն այդ մտավախությունները տեղին չի համարում: Նրա խոսքով, Հայաստանի կեսից ավելի համայնքներ խոշորացվել են, և իրենք կարող են գնալ տեղում տեսնել այդ գործընթացի արդյունավետությունը:

«Նպատակն այն է, որ համայնքների խոշորացման արդյունքում յուրաքանչյուր բնակավայրում նորմալ ծառայություն մատուցվի: Օրինակները բազմաթիվ են, ու շատ է խոսվել այդ մասին, սակայն կրկին ասեմ: Դիտարկենք Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքը: Հեռավոր Աթան գյուղը ևս մտավ Թումանյան համայնքի մեջ: Մինչ այդ, Աթան գյուղում որևէ նորմալ ծառայություն չկար՝ ոչ մանկապարտեզ, ոչ աղբահանություն, ոչ լուսավորություն: Միավորումից հետո ստեղծվեց հնարավորություն և Աթանի գյուղապետարանի շենքի մի հատվածը դարձվեց մանկապարտեզ: Այսօր բոլոր միավորված համայնքներում կանոնավոր աղբահանություն, փողոցների լուսավորության ծրագրեր են իրականացվում: Դա լա՞վ է, թե վատ»,-ասաց Աշոտ Գիլոյանը:

Ինչ վերաբերում է ամեն մի «թղթի» համար խոշորացված համայնքի կենտրոն հասնելու վերաբերյալ դիտարկումներին, ապա Աշոտ Գիլոյանը նշեց, որ յուրաքանչյուր բնակավայրում պահպանվելու է վարչական ղեկավարի ինստիտուտը: Այսինքն՝ վարչական ղեկավարին օրենքով տրված են լիազորություններ քաղաքացիներին սպասարկելու՝ լինեն տեղեկանքի կամ այլ փաստաթղթերի տրամադրման հետ կապված հարցեր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]