Քաղաքականություն

«Հայաստան»-ը չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությանը

3 րոպեի ընթերցում

«Հայաստան»-ը չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն քաղաքականության սկզբունքային դերակատարներից մեկը քաղաքական ընդդիմությունն է, սակայն այն մոդելը, որը որդեգրվել է հիմա, բացարձակ զրոյացրել է ընդդիմության դերակատարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Չափազանց սկզբունքային նշանակություն ունի այն քաղաքականության հիմնադրույթը, թե, ի վերջո, ինչպես ենք մենք պատկերացնում հակակոռոպցիոն քաղաքականությունը մեր երկրում։ Անշուշտ, սա բոլոր տիպի երկրների համար հիմնարար հարց է։ Առավել ևս՝ մեր նման երկրի, որն անցնելով խորհրդային կարգերը, որտեղ չափազանց մեծ էր կոռուպցիայի դերը ու նշանակությունը կամ հարաբերությունների կարգավորման հարցում նրա ունեցած ազդեցությունը։ Անցումային շրջանում նույնպես զերծ չենք մնացել այս բացասական երևույթից, ավելին, այն շատ ավելի խորը և հիմնավորապես է ազդել երևույթների վրա։ Սակայն, երկար ժամանակ քննարկումների արդյունքում որդեգրվել է մի մոդել, որտեղ, մեր խորին համոզմամբ, չի կարող հակակոռուպցիոն քաղաքականությունը ունենալ դրական արդյունք, նախ այն պատճառով, որ կոռուպցիան ծնող հիմնական շարժառիթը ու պատճառը իշխանական ազդեցության լծակն է թե՛ հանրային ֆինանսական ռեսուրսների հասանելիության, թե՛ այդ ռեսուրսների բաշխման մակարդակում»,- ընդգծեց Մինասյանը։

Պատգամավորի կարծիքով՝ սկզբունքային նշանակություն ունի, թե որոնք են կոռուպցիայի դեմ պայքարի այն համակարգային բաղադրիչները, որոնք պետք է նպաստեն, որ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ լինի։

«Անշուշտ, ինչպես միջազգային փորձն է վկայում, հակակոռուպցիոն քաղաքականության սկզբունքային դերակատարներից մեկը քաղաքական ընդդիմությունն է։ Հակակոռուպցիոն մարմնի, տվյալ դեպքում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարումը կամ առնվազն ազդեցիկ դերակատարումը այս մարմնի գործունեության մեջ պետք է քաղաքական ընդդիմությունը ունենա։ Սակայն այն մոդելը, որը որդեգրվել է հիմա, բացարձակ զրոյացրել է ընդդիմության դերակատարությունը»,- նշեց Մինասյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում