Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

«Ավրորայի աղոթքը» երգով երգչուհի Սիբիլը արդարության և խաղաղության կոչ արեց աշխարհին

«Ավրորայի աղոթքը» երգով երգչուհի Սիբիլը արդարության և խաղաղության կոչ արեց 
աշխարհին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում մոլեգնող պատերազմների և ցեղասպանությունների ֆոնին խիստ անհրաժեշտ համարելով խաղաղության և մարդասիրական գաղափարների դրսևորումներն արվեստում՝ Ստամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլը երաժշտասերների դատին հանձնեց «Ավրորայի աղոթքը» երգը: Այն աղոթք է Տիրամորը` բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար, որբերի, որոնք բոլորից շատ են կրում պատերազմների ու ցեղասպանությունների հետևանքները:

Լրագրողները երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը դիտելու և ստեղծագործական կազմի հետ զրուցելու հնարավորություն ունեցան սեպտեմբերի 10-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սիբիլը տեղեկացրեց, որ երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է: «Շատ կցանկանայի սիրո մասին երգեր հաճախ կատարել, սակայն նման ստեղծագործություններն են իմ սրտին հասնում: Հասմիկն այս երգն ինձ չորս տարի առաջ է ուղարկել: Ուզում էինք լուրջ աշխատել այս գործի վրա, բայց պատերազմը սկսվեց: Այդ օրերին Հայաստանում էի. ոչ մի բան անելու կարողություն չունեի, սակայն Հասմիկն ասաց, որ հենց նման հոգեվիճակում պետք է երգել: Դժվար էր: Երգելիս լաց էի լինում»,- պատմեց երգչուհին ու ընդգծեց, որ ձայնագրության գործում շատ է աջակցել Հմայակ Ռոստոմյանը:

Երբ Ռոստոմյանը լսել է ստեղծագործությունը, նշել է, որ Սիբիլն ասես երեխայի մասին պատմություն պատմի: Պատերազմի օրերին համացանցում տարածված էր փոքրիկ երեխայի մասնակցությամբ հոլովակ, որում վերջինս խոսում էր զինվոր դառնալու մասին: Երգչուհին խոստովանում է՝ երգը կատարելիս այդ փոքրիկի մասին է մտածել:

«Ես Թուրքիայում եմ ծնվել և չեմ կարող խոսել քաղաքականության մասին, ուստի պետք է երգեմ: Մեր նպատակը երգի միջոցով աշխարհին խաղաղության կոչ անելն է: Այդ նպատակով ենք օգտագործել Ռուբեն Սևակի «Թող արդարությունը գա խաղաղությամբ» տողերը: Մեր երկիրն այժմ դրա կարիքն ունի: Մենք հույսով պետք է ոտքի կանգնենք, հույսով ապրենք, քանի որ կյանքն անակնկալներով լի է»,- շեշտեց Սիբիլը:

Երգչուհին գրեթե մեկ ամիս կլինի Հայաստանում, և չի բացառվում, որ համագործակցի տեղի արտիստների հետ, իսկ հովանավորներ գտնելու դեպքում սիրով համերգով հանդես կգա Երևանում:

«Ավրորայի աղոթքը» ստեղծագործության հեղինակ Հասմիկ Հախվերդյանը երգը գրելիս ոգեշնչվել է ցեղասպանության վավերագիր Դավիթ Ադամյանի «Հայ որբի տունը» որբուկի հետ գրի առնված զրույցից: «Այդ պատմությունն ազդակ դարձավ, որ իմ ուշադրությունը սևեռվի որբերի ճակատագրի վրա: Վերլուծելով որբի խնդիրը՝ այն բերում եմ առաջին պլան, քանի որ որբությունն ամենամեծ վտանգն է, որը ծնում է նոր պատերազմներ: Պետք է կանխել որբանալը»,- ասաց Հախվերդյանը:

Տեսահոլովակի ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի խոսքով՝ 1915 թվականից մինչ օրս մեր ազգն ինչ-որ բան է փնտրում՝ երեխային, ծնողին: «Այս հոլովակում խորհրդանիշ է լուսանկարը, որի միջոցով մարդիկ կարողացել են գտնել միմյանց: Մենք փնտրում ենք միմյանց, սիրում ենք, ամեն րոպե ցանկանում ենք հայի տեսնել՝ մեր բարեկամին, ընկերոջը, հարևանին»,- նշեց ռեժիսորն ու հայտնեց, որ նկարահանումներն իրականացվել են Դիլիջանում:

Անդրադառնալով գլխավոր հերոսին՝ փոքր տղային, որը հոլովակում աղոթում է Տիրամորը՝ մորն ու հորը գտնելու մեծ ցանկությամբ, Մովսիսյանն ընդգծեց, որ երեխան իր լռությամբ ու պայծառ աչքերով ամեն ինչ արել է, որ հաջողեն:

Տղային մարմնավորած Արթուր Մարգարյանն էլ պատմեց, որ երգելիս Սիբիլը շատ է հուզվել ու հաճախ լաց է եղել: «Ինձ դուր է եկել և՛ երգը, և՛ իմ դերը»,- հավաստիացրեց Արթուրն ու ասաց, որ պատրաստվում է դաշնակահար դառնալ:

Երգի գործիքավորումն իրականացրել է Karen & Sevak Production-ը: Համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային սեղմագրեր`անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն:

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]