ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցում են ՀՀ ԱԺ-ից՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Շվեդիան Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկերներից է:
Երկուստեք արձանագրվել է, որ վերջին տարիներին միջխորհրդարանական փոխգործակցությունը որակապես նոր փուլում է, ակտիվացել են փոխայցերը:
ԱԺ նախագահը վստահեցրել է, որ նոր գումարման Ազգային ժողովն իր գլխավորությամբ կշարունակի կյանքի կոչել համագործակցության խորացմանը միտված բոլոր պայմանավորվածությունները: Օրենսդիր մարմինների համագործակցության համատեքստում ընդգծվել է բարեկամական խմբերի դերակատարությունը:
Անդրադառնալով միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությանը` Ալեն Սիմոնյանը նշել է շվեդ խորհրդարանականների կողմից դրական եւ խաղաղությանը նպաստող դիրքորոշումների որդեգրումը Հայաստանի համար զգայուն հարցերում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը փաստել է, որ Հայաստանը խորհրդարանական համագործակցության շրջանակում կարեւորում է նաեւ երկու երկրների օրենսդիր կառույցներում ընդգրկված կուսակցությունների միջեւ աշխատանքային կապերը:
Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին եւ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ-ի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի համար:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում Շվեդիայի հետ փոխգործակցությանը` ԱԺ խոսնակը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք եւ արդյունավետ կիրարկումը` նշելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է Շվեդիայի աջակցությունը:
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակը ջերմությամբ է հիշել իր այցը Հայաստան: Նա կարեւորել է այն փաստը, որ պատերազմից հետո Հայաստանը չի նահանջել ժողովրդավարական ուղուց:
Անդրադառնալով հայաստանյան խորհրդարանական արտահերթ ընտրություններին` Անդրեաս Նորլենը շնորհավորել է ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարին արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար:
Անդրեաս Նորլենը պատրաստակամություն է հայտնել ներդնելու բոլոր ջանքերը Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման գործում ոչ միայն երկկողմ, այլեւ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին` փաստելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների եւ համաձայնեցված հայտնի սկզբունքների հիման վրա:
ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է նաեւ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցերով տարվող աշխատանքների մասին և խնդրել գործընկերոջը՝ նպաստել պահվող անձանց օր առաջ Հայաստան վերադարձնելուն: