Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«իԳործ» ծրագրի առաջին փուլի 22 մասնակից հայրենադարձվել է. 50 մասնագետ ստացավ վկայական

«իԳործ» ծրագրի առաջին փուլի 22 մասնակից հայրենադարձվել է. 50 մասնագետ 
ստացավ վկայական

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագրի հանդիսավոր փակման շրջանակում 50 մասնագետ ստացավ վկայականներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նախարարներ, փոխնախարարներ, ծրագրի մասնակիցները, ովքեր 1 տարի առաջ 19 երկրից Հայաստան են ժամանել և աշխատել 19 պետական կառույցում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ, «իԳործ» ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանն ասաց, որ «իԳործ»-ը հնարավորություն է տվել սփյուռքի մասնագետներին աշխատել Հայաստանի պետական մարմիններում։ «Մեր ծրագրի մասնակիցները, ովքեր թվով 52-ն են եղել, ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների, գործունեություն են ծավալել պետական համակարգում և հնարավորություն ունեցել ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականության ու ծրագրերի մշակման գործում: Մենք ընտրել ենք հատուկ չափորոշիչներով՝ անձը պետք է ունենար մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան, բավականաչափ հայրենասեր լիներ, պատրաստ լիներ մեկ տարի բնակվել և աշխատել Հայաստանում»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ 52 մասնակիցները եղել են 19 երկրից՝ Ռուսաստանից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրիայից, Լիբանանից, Չինաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից, Իսրայելից և այլն։ Առանձնացնելով ծրագրի նպատակները՝ Լիանա Սիմոնյանը նշեց, որ «իԳործ»-ի միջոցով իրենք ցանկացել են օգտագործել սփյուռքի մարդկային ներուժը՝ կառավարման համակարգը զարգացնելու գործում, ինչպես նաև խթանել մասնագիտական հայրենադարձությունը։

Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ««իԳործ» 2020-ի շրջանակներում ծրագրեր իրականացվեցին առողջապահության, կրթության, մշակույթի, սոցիալական աշխատանքի, տարածքային կառավարման, էկոնոմիկայի և ներդրումների բնագավառներում: Մեր բոլոր մասնակիցներն իրենց ոլորտներում հիանալի մասնագետներ են: Մասնակիցներից 22-ը հայրենադարձվելու որոշում կայացրին, 14-ը կմնան պետական համակարգում և 8-ը աշխատանքի կանցնեն մասնավոր ոլորտներում»,- նշեց Սինանյանը և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներին:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ մասնակիցներին շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքի համար: «Այս ծրագիրը շատ մեծ հաջողություն ունեցավ և ես հույս ունեմ, որ հաջորդիվ ավելի մեծ առաջընթացներ կլինեն»,- ասաց Ավանեսյանը:

Հայկ Մարգարյանը, ով ծրագրի միջոցով հայրենադարձ եղած անձանցից մեկն է, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր նշանակվել է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում: «ՆՁԱԿ-ում այսուհետև կաշխատի ծրագրի ևս մեկ մասնակից, ինչպես նաև 2 հոգի երկրորդ փուլի մասնակիցներից»,- նշեց Մարգարյանը: Խոսելով հայրենադարձման մասին, նա ընդգծեց, որ իր համար շատ կարևոր էր այն փաստը, որպեսզի ապրեր Հայաստանում: Այժմ կնոջ և 2 երեխայի հետ ապրում է Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]