«E-school Armenia»-ն որպես արձագանք համավարակին․ ծրագիրը դարձել է էլեկտրոնային դասավանդման հարթակ
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «E-school Armenia» նախագծի շրջանակում Հայաստանի հանրապետության 18 մենթոր դպրոցի ուսուցիչ էլեկտրոնային եղանակով դասավանդելու է 101 դպրոցում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրեց «E-school Armenia» նախագիծը, որը նպատակ ունի որևէ դպրոցում բացակայող ուսուցիչների դեպքում, այլ դպրոցներում դասավանդող ուսուցիչների միջոցով լրացնել այդ բացն ու որակյալ կրթություն տալ աշակերտներին։
«Նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցի ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել է էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած դասասենյակներ։ Այս ծրագիրը կյանքի է կոչվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ 2020 թվականից սկսած աշխարհը նոր մարտահրավերների առաջ էր կանգնել, և որպես առաջնահերթություն պետք էր ապահովել նաև կրթության շարունակականությունը։ «E-school»-ն արձագանք էր համավարակին, սակայն, այսօր այն դարձել է որակյալ էլեկտրոնային բովանդակության ստեղծման, էլեկտրոնային դասավանդման և փորձի կուտակման հարթակ։ Առհասարակ, էլեկտրոնային դասավանդումը մենք փորձում էինք ներդնել դեռևս 2012-2013 թթ-ին, սակայն այն ժամանակ ուսուցիչներն այդքան էլ մոտիվացված չէին և չէին ցանկանում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ կիրառել։ Համավարակը դարձավ այն խթանը, որը ստիպեց, որպեսզի ուսուցիչները շատ արագ հասկանան՝ առանց տեխնոլոգիաների այլևս չկա կրթություն»,- նշեց Պողոսյանը և հավելեց, որ համավարակի պայմաններում սկսել են ավելի մեծ թափով աշխատել։
Նրա խոսքով՝ ստեղծել են արագացված կուրս և 2 շաբաթը մեկ վերապատրաստել են 400 ուսուցչի։
Նախագծի ընթացքում հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարանների աշակերտների համար մշակվել և նկարահանվել է շուրջ 2000 տեսադաս, որից 500-ը՝ ժեստերի լեզվով, որոնք մշտապես հասանելի են«E-school Armenia»-ի «Youtube»-ի ալիքում։2020 թվականի սեպտեմբերից հեռավար դասեր են իրականացվել 5000 և ավելի աշակերտի շրջանում։ Հավաքագրվել է ոլորտում բազմամյա փորձառություն ունեցող 29 ուսուցիչ, որոնք տեսադասերի, վեբինարների, գրավոր և այլ նյութերի միջոցով մատուցել են առարկայական ծրագրերը։
«E-school Armenia» նախագծի շրջանակում իրականացվել է 2 ծրագիր՝ էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացում և ապակենտրոնացում, ինչպես նաև կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպման շարունակություն։
Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար, «E-school Armenia» ծրագրի տնօրեն Հայկ Դավեյանը նշեց, որ ուսուցիչների ընտրությունը կատարելուց հետո շատ կարևոր էր նրանց համար մշակել աջակցության համակարգ՝ առարկայական ուսումնական ծրագրերն արդյունավետ մշակելու նպատակով։
«Ներդրվել է աջակցման այնպիսի մեխանիզմ, որ մենթորներից և ավագ ուսուցիչներից յուրաքանչյուրն ունենա իր առարկայական խումբը։ Մենթոր դպրոցներն էլ ընտրվել են մրցույթի միջոցով, ընդհանուր առմամբ դիմել է 90-ը։ Մեր առաջին չափորոշիչը եղել է այն, որպեսզի այնտեղի ուսուցիչները լինեն մոտիվացված։ Մենթոր դպրոց ընտրվել է ՀՀ 7 մարզից։ Այն դպրոցները, որտեղ ուսուցչի խնդիր է եղել, հիմնականում գյուղական համայնքներում են եղել, որոշ դեպքերում էլ առարկայական յուրահատկություններն են կապ ունեցել։ Առհասարակ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների առումով սղություն կա մեր երկրում, այդքան էլ հեշտ չի գտնելը»,- ասաց Դավեյանը։
Հանրակրթական առարկայական ծրագրերին համապատասխան՝ ուսուցիչները մենթորների օգնությամբ մշակել են առարկայական ծրագրերը և թեմատիկ պլանները և դրանց համապատասխան նկարահանվել են տեսադասեր, պատրաստվել նյութեր և իրականացվել վեբինարներ։
Կարողությունների զարգացման փուլում ծրագրի համար ֆինանսական աջակցությունը տրամադրել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, իսկ այդ ամենից հետո Կառավարությունն է ստանձնում պարտավորվածությունը։