Հասարակական

Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն առաջին անգամ արժանացել է բրոնզե մեդալի

2 րոպեի ընթերցում

Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն առաջին անգամ արժանացել է  բրոնզե մեդալի

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 10-16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ` 46 երկրից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի:

Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը (Երևան, «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան), Ռուբեն Սարգսյանը (Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ֆոտոն» վարժարան, 11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզի Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան) և Լուսինե Հարությունյանը (Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան): Օլիմպիադան ընթացել է երկու փուլով՝ տեսական և մեկ փորձարարական: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Ռուբեն Սարգսյանը։

2021 թվականի «Աշխարհագրություն» առարկայի հերթական միջազգային օլիմպիադան պետք է անցկացվեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, բայց համավարակով պայմանավորված՝ այն անցկացվել է առցանց: Հայաստանի թիմը օլիմպիադային հեռավար եղանակով միացել է Երևանի Քվանտ վարժարանից:

Օլիմպիական թիմը ղեկավարել են Արսեն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։

Նախկինում Հայաստանի դպրոցականները չորս անգամ մասնակցել էին «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադաներին, սակայն մեդալների չէին արժանացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում