Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կկառուցվի 817 բնակարան, 290 տուն. նախագահ Սարգսյանն ու հիմնադրամի տնօրենը քննարկում են ունեցել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կկառուցվի 817 
բնակարան, 290 տուն. նախագահ Սարգսյանն ու հիմնադրամի տնօրենը քննարկում են 
ունեցել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:

 Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող շուրջ 30 մլրդ դրամի վերակառուցման ծրագրերի ընթացքը, որոնք ներառում են համայնքային և համապետական նշանակության ճանապարհների վերակառուցում, դպրոցների հիմնանորոգում, ջրամատակարարման ցանցի կառուցում և լայնածավալ բնակարանաշինություն:

Նշվել է, որ բնակշինարարության առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 բնակարան և 290 տուն: Բնակարանների և շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ՝ Ստեփանակերտում և Իվանյան համայնքում՝ սեփական տանիքով ապահովելով Շուշիից և Հադրութից տեղահանված 457 ընտանիքի։

Նախագահ Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է նաև սեպտեմբերից Սյունիքի մարզում մեկնարկող ծրագրերին վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահի՝ ապրիլ ամսին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո, նախագահի հանձնարարությամբ, Հանրապետության նախագահի աշխատակազմի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները այցելել էին մարզ, հանդիպումներ ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ: Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում կազմվել է Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրների ծրագիր՝ համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծման նպատակով: Շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից և կիրականացվի փուլերով՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով և մասամբ նաև՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ:

Նշելով, որ Արցախի, Սյունիքի համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը առաջնահերթություն է՝ նախագահ Սարգսյանը ասել է, որ բոլոր միջոցներն ու ջանքերը պետք է գործադրել աջակցության կարիք ունեցող մեր համայնքներին ու հայրենակիցներին սատար կանգնելու համար։

Կարևորելով ծրագրերի՝ պատասխանատվությամբ իրականացումը, ժամկետների խստագույնս պահպանումը՝ նախագահը գոհունակություն է հայտնել ներկայումս ընթացող աշխատանքների ծավալի և տեմպի վերաբերյալ:

Հայկակ Արշամյանը նախագահ Սարգսյանին տեղեկացրել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշումների կատարման ընթացքի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am