Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ-ի, Վրաստանի և Ուկրաինայի համագործակցության արդյունքում բացահայտվել է հերոինի խոշոր խմբաքանակ. Կիևում ձերբակալվել են Թուրքիայի քաղաքացիներ

ՀՀ-ի, Վրաստանի և Ուկրաինայի համագործակցության արդյունքում բացահայտվել է 
հերոինի խոշոր խմբաքանակ. Կիևում ձերբակալվել են Թուրքիայի քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն  է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

«Պետական եկամուտների կոմիտեում որոշում է կայացվել իրականացնել տարածաշրջանում նախադեպը չունեցող և առաջին անգամ իրականացվող միջոցառում` միջազգային վերահսկելի մատակարարում: Կայացված որոշման մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին օրենքի 256-րդ հոդվածին համապատասխան, անհապաղ տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի և Վրաստանի ոստիկանությունների հետ 24-ժամյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների համատեղ իրականացման վերաբերյալ:

Օպերատիվ-հետախուզական աշխատանքներին  ներգրավվել են  ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Վերջիններիս իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-տեխնիկական միջոցառումների արդյունքում թմրանյութ տեղափոխող բեռնատարը ՀՀ տարածքով տարանցիկ անցնելու ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների  տեսադաշտում: Միջոցառման իրականացման գործում   մասնակցությունն են   ունեցել  նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցներն ու ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության` Թբիլիսիում տեղակայված տարածաշրջանային գրասենյակը: Շուրջ 20 օր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում Վրաստան, իսկ այնուհետև Ուկրաինա է գործուղվել նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչը:

2021 թվականի հուլիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած 20 տոննա քաշով հրակայուն աղյուս տեղափոխող բեռնատարը, որը համաձայն ստացված օպերատիվ տեղեկության, պետք է փոխադրելիս լիներ հերոին տեսակի թմրամիջոց, Հայաստանի, Վրաստանի, իսկ այնուհետև Ուկրաինայի իրավապահ մարմինների օպերատիվ ուղեկցման ներքո Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով ուղևորվեց Փոթիի նավահանգիստ, որտեղից էլ նավով` Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգիստ, ուր հասնելուն պես տրանսպորտային միջոցը մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև: 

Անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամներ հանդիսացող Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացու  կողմից Կիևում վարձակալվել է պահեստ: Որպես թմրամիջոցի թաքստոց, մաքսազերծումից հետո հենց այդ պահեստ է տեղափոխվել, բեռնաթափվել  ու պահեստավորվել օգտագործված ապրանքը: Հուլիսի 22-ին Ուկրաինայի իրավապահ մարմինները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ մուտք են գործել Կիևում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերվել է Իրանից Ուկրաինա տեղափոխված` 368 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոցի 1164 փաթեթ: Նույն օրը Կիևում ձերբակալվել են Թուրքիայի  վերոնշյալ քաղաքացիները: Հայտնաբերված թմրամիջոցը նախատեսվում էր փոքր խմբաքանակներով առաքել Եվրոպական միության երկրներ:

Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացիները ձերբակալվել են: Այս քրեական գործի շրջանակներում մի քանի օր անց Կիևում ձերբակալվել է  նաև Թուրքիայի մեկ այլ` 1948թ. ծնված քաղաքացի: Այս պահին իրականացվում է նախաքննություն: Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում հասնում  է մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարի:

Միջազգային վերահսկելի մատակարարումը Միավորված ազգերի կազմակերպության  «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին»  կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված միջոցառում է, որն իրականացվում է բոլոր այն երկրների իրավապահ մարմինների միջև համաձայնություն ձեռքբերվելու պարագայում, որոնց տարածքներով նախատեսվում է տեղափոխել թմրամիջոցը: Այս միջոցառման գլխավոր նպատակն է հայտնաբերել և օրենքի առջև պատասխանատվության ենթարկել թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց հնարավորինս մեծ շրջանակ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]