Հասարակական

21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գործունեության ընթացքում. հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գործունեության ընթացքում. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը, որոնց արդյունքում ձեռք են բերվել բազմաթիվ առերևույթ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ պարզվել է՝ ընկերությունում շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21.010.739.100 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ՊՎԾ կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել փաստաթղթեր կեղծելու, ընկերության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության և ընկերության իրավունքների ու օրինական շահերի խախտման առումով էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, իրենց վստահված դրամական միջոցները վատնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում