Տարածաշրջանային

ԵԽ-ն մտահոգություն է հայտնել Վարոշայի կարգավիճակի վերաբերյալ Էրդողանի հայտարարության առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵԽ-ն մտահոգություն է հայտնել Վարոշայի կարգավիճակի վերաբերյալ Էրդողանի հայտարարության առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում են Կիպրոսի հյուսիսում գտնվող Ֆամագուստա քաղաքի Վարոշա շրջանի կարգավիճակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ:

«Նման միակողմ գործողությունները ափսոսանքի են արժանի, քանի որ հակասում են Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի գործող բանաձևերին, որոնք լիարժեքորեն ճանաչված են Եվրոպայի խորհրդի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ: ԵԽ-ն կոչ է արել չեղարկել որոշումը՝ ընդգծելով, որ կողմերի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին:

Թաթարը նշել է, թե իշխանությունները նախատեսում են վերացնել ռազմական կարգավիճակը տարածքի մի մասի համար՝ հավելելով, որ քաղաքի 3.5 տոկոսը կստանա քաղաքացիական կարգավիճակ:

1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժել է Կիպրոս՝ օկուպացնելով կղզու հյուսիսային հատվածը: Թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանել են հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրել թուրքերով, իսկ արդեն 1983 թվականին այստեղ հռչակել են այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչում է միայն Թուրքիան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում