Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը հիմնանորոգվել է և տեխնիկապես վերազինվել  

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը հիմնանորոգվել է և տեխնիկապես 
վերազինվել

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ավարտվել են հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պետական ամենամեծ բժշկական կենտրոնը անընդհատ լինելու է Կառավարության ուշադրության կենտրոնում և ամբողջ համալիրը, որը բաղկացած է նաև ծննդատնից ու պոլիկլինիկական ծառայությունից, հիմնանորոգվելու և տեխնիկապես վերազինվելու է։

«Վերանորոգումները սկսվել են հենց շքամուտքից, ամբողջովին վերակառուցվել է բակային հատվածը, արել ենք մի շարք հիմնարար փոփոխություններ՝ գեղեցիկ ֆասադի ներքո ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվել։ Բացի դրանից, ամբողջովին վերանորոգվել ն և տեխնիկապես հագեցվել են մի շարք բաժանմունքներ»,- ասաց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը բժշկական սպասարկման որակի համար կարևոր է համարում շենքային պայմանները, սարքավորումներով հագեցվածությունը, մասնագիտական հմտությունները, սակայն, ըստ Ավանեսյանի, պակաս կարևոր չի համարում բուժառուների շարժերը ճիշտ կարգավորելը։

«Փոփոխվել են ամբողջական հոսքերը՝ ինչպես է բուժառուն մուտք գործելու հիվանդանոց, ինչպես է ընթանալու ողջ բժշկական ծառայության ծառայությունների մատուցումը հիվանդանոցի ներսում։ Սա շատ կարևոր օղակ է, որին հատուկ ուշադրություն են դարձնում»,- հավելեց Ավանեսյանը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը նշեց, որ նախկինում մի քանի հարկերում տեղակայված էին տարբեր ծառայություններ, և բուժառուն ստիպված էր մի քանի հարկ բարձրանալ կամ իջնել տարբեր հետազոտություններ անցնելու համար։

«Այս նոր ախտորոշիչ կենտրոնում բուժառուները ընդամենը մեկ բաժանմունքում վերջացնելու են բոլոր հետազոտությունները։ Բացի այդ, նոր սարքավորումների շնորհիվ նյարդավիրաբուժական բաժանմունքում այնպիսի վիրահատություններ են կատարվելու, որոնք նախկինում չենք արել»,- ասաց Հովակիմյանը։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 27-ի թիվ 783-Ն որոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական վիրահատարանը համալրվել է նյարդավիրաբուժական 3D նավիգատորով, վիրաբուժական մանրադիտակով, էնդոսկոպիկ սարքավորմամբ, ժամանակակից վիրահատարանի պահանջներին համապատասխանող վիրահատական սեղանով, լուսային համակարգով: Տվյալ որոշմամբ ձեռք  են բերվել նաև ախտորոշիչ սարքեր` համակարգչային տոմոգրաֆ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ, ուլտրաձայնային սարքավորում:

Նոր սարքավորումներով համալրված ախտորոշիչ բաժանմունքի  վերակառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսվել են 2019 թվականին:

Բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներով հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ են իրականցվել բուժկենտրոնի շենքում և բակային տարածքում: 

Բժշկական կենտրոնի ընդունարան բարձրացող ճանապարհի վթարային վիճակում գտնվող թեքահարթակը (էստակադա) վերակառուցվել է, վերանորոգվել, սալիկապատվել է շենքի ճակատային հատվածը, վերանորոգվել են 3 հարկերի աջաթևյան և ձախաթևյան միջանցքները, տեղադրվել են նոր վերելակներ:

Բժշկական կենտրոնի առաջին հարկում ծավալվել է նոր ընդունարանային մաս, որտեղ իրականացվելու է բուժառուների տեսակավորումը ըստ ծանրության աստիճանի:

Բժշկական կենտրոնի բոլոր հիվանդասենյակները (թվով՝ 500) ապահովել են թթվածնով, բոլոր բաժանմունքները հագեցվել են շարժական թթվածնային բալոններով:

Թթվածնի կայանի անխափան և անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով կայանը հագեցվել է հավելյալ կոմպրեսորով և գեներատորով:

Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով բժշկական կենտրոնը հագեցվել է դիզել գեներատորներով և տրանսֆորմատորներով:

Արդիականացվել է կոյուղու համակարգը:

Մարզերում գտնվող բժշկական կենտրոններից բուժառուների շտապ տեղափոխությունը իրականացնելու նպատակով կառուցվել է ուղղաթիռի  թռիչքուղի:

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am