Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ազդեցություն հետազոտական անաչառության վրա. Ադրբեջանը փողեր է ուղղում Օքսֆորդի համալսարանին

Ազդեցություն հետազոտական անաչառության վրա. Ադրբեջանը փողեր է ուղղում 
Օքսֆորդի համալսարանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական  Times Higher Education (THE) ամսագիրը հոդված է հրապարակել է  Օքսֆորդի համալսարանի հետազոտական կենտրոններից մեկին Ադրբեջանի կողմից գումար տրամադրելու մասին, ինչը կարող է ազդել հետազոտությունների անաչառության վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրող  Դեյվիդ Մեթյուսը իր հոդվածում նախ նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներից մեկը Օքսֆորդի համալսարանի՝ Ադրբեջանն ուսումնասիրող  հետազոտական կենտրոններից մեկի խորհրդի անդամ է, ինչը շահերի հնարավոր բախում է կրթության ոլորտում:

«Հայ գիտնականների խումբը մտահոգություն է հայտնում, որ 2018 թվականին հիմնադրված Օքսֆորդի Նիզամի Գյանջավի կենտրոնը չբացահայտված աղբյուրից ստացված 10 միլիոն ֆունտ ստեռլինգի նվիրատվությամբ, կարող է անտեսել Ադրբեջանում հայկական ժառանգության ուսումնասիրությունը, որը այդ երկրի կառավարությունը փորձում է ջնջել»,- նշված է հոդվածում:

Նվիրատվությունը միջնորդել է Ալիևի քենին՝ Նարգիզ Փաշաևան: Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտոր, պրոֆեսոր Փաշաևան օքսֆորդյան այս կենտրոնի յոթ հոգանոց խորհրդի անդամ է:

«Փաշաևան որոշում է, թե որ դիմորդները կստանան կրթաթոշակ Ադրբեջանն ու ընդհանրապես տարածաշրջանն ուսումնասիրելու համար»,- հավելում է հոդվածագիրը:

ԱՄՆ-ում Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի ակադեմիական տնօրեն Մարկ Մամիկոնյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ Օքսֆորդի Նիզամի Գյանջավի կենտրոնը ստեղծվել է առեղծվածային ծագման մեծ նվիրատվության շնորհիվ՝ անհատի միջոցով, որն առավելագույն սերտ կապեր ունի Ադրբեջանի ղեկավարների հետ:

«Տասնամյակներ շարունակ գիտնականներն ու լրագրողները ահազանգել են Ադրբեջանի տարածքում հայկական խաչքարերի, պատմական հայկական գերեզմանների, եկեղեցիների ոչնչացման մասին:

Մտահոգվելու հիմքեր կան այն հավանական ազդեցության շուրջ, թե ինչպես կփաթեթավորվի Հարավային Կովկասի անցյալի և ներկայի ուսումնասիրությունը, այսինքն` ինչ է ներառվելու, ինչը՝ ոչ, և որ ուժերն են ազդելու այդ առերևույթ ակադեմիական որոշումների վրա»,- ասել է Մարկ Մամիկոնյանը:

Հիմնադրամը ներկայացված է որպես «Անգլո-ադրբեջանական ընկերակցության» նախագիծ, մի մարմին, որտեղ պրոֆեսոր Փաշաևան համանախագահ է, և որի նպատակն է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը: Չնայած հիմնադրամի կայքն այլևս գործունակ չէ, այն հովանավորների թվում նշում էր Լոնդոնում Ադրբեջանի դեսպանին:

Օքսֆորդի խոսնակներից մեկը նշում է, որ Օքսֆորդի նվիրատվությունների վերստուգիչ հանձնաժողովը տեղեկացվել է այս նվիրատվության սկզբնաղբյուրի մասին, որը կառավարությունից չէ, բայց այլ տեղեկություններ աղբյուրի վերաբերյալ չի հայտնում:

Ըստ ԱՄՆ-ի «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» Կովկասյան ծրագրերի ավագ համակարգող Էլսպեթ Սաթերսի, որը նախազգուշացրել է արևմտյան համալսարաններին ինքնակամ նվիրատվությունների մասին, միանգամայն ճիշտ է կասկածի տակ դնել, թե որտեղից են գալիս այդ միջոցները:

Պրոֆեսոր Փաշաևան մեկնաբանության խնդրանքը թողել է անպատասխան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]