Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է 2 անգամ. արտահանվող հայկական ծիրանի գինը չի նվազում

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է 2 անգամ. 
արտահանվող հայկական ծիրանի գինը չի նվազում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 104 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավել է շուրջ 2 անգամ, արդեն իսկ գերակատարվել է նախորդ ողջ տարում արտահանված ծիրանի ծավալը, ապրանքային լավ տեսքով և բարձր պահանջարկով պայմանավորված՝ արտահանվող հայկական ծիրանի գինը ևս բարձր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

«2021-ին գյուղատնտեսական սեզոնը բավականին լավ արդյունքներ է արձանագրում: Այս տարի արդեն արտահանումը կազմում է 104 հազար տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 2 անգամ ավել է»,-ասաց Խոջոյանը:

Նախորդ տարվա արդյունքները նույնպես գոհացուցիչ են եղել, 2020-ին Հայաստանից արտահանվել է շուրջ 145 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, որը 2019-ի համեմատ քանակական առումով ավել է եղել շուրջ 2 տոկոսով, իսկ գումարային արտահայտմամբ՝ 27 տոկոսով: Այսինքն՝ հայկական թարմ պտուղ-բանջարեղենը նախորդ տարի վաճառվել է ավելի բարձր գնով:

Այս տարի արդեն արտահանված 104 հազար տոննայից շուրջ 43 հազար տոննան միրգ և հատապտուղ է, իսկ 61 հազար տոննան՝ բանջարեղեն: Արտահանվող հիմնական ապրանք է համարվում ծիրանը: Մինչև այժմ արտահանվել է շուրջ 25 հազար տոննա ծիրան, համեմատության համար, նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանվել է 19 հազար 400 տոննա: Այսպիսով` արդեն գերակատարվել է նախորդ տարվա արտահանման ծավալը:

«Նախորդ տարի պայմանավորված ամպամած օրերով՝ ծիրանի այգիներում փոշոտում չէր իրականացվել, եղանակային պայմաններով պայմանավորված՝ որոշակի հիվանդություններ էին առաջ եկել: Այս տարվա բերքն ավելի շատ է, քան նախորդ տարվանը, նաև իր ապրանքային տեսքն է բավականին բարձր: Դա է պատճառը, որ այսօր ծիրանն արտահանվում է բարձր գնով: Չնայած, որ արդեն արտահանման ծիրանի գինը պետք է սկսեր նվազել, բայց դեռ 400-450 դրամով է արտահանվում: Նախորդ տարի շատ ավելի ցածր է եղել: Այս տարի թե ապրանքային տեսքն է ավելի լավը, թե պահանջարկն է ավելի բարձր»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով պահանջարկի ձևավորման վրա ազդող գործոններին՝ Խոջոյանը նշեց. «Գործում ենք ընդհանուր տնտեսական շուկայում: Եվ արդեն շատ վաղուց մենք մեր շուկան դիտարկում ենք ոչ թե 3 մլն-անոց շուկա՝ նկատի ունենալով ՀՀ բնակչությունը, այլև 184 մլն-անոց շուկա, որն ամբողջ ԵԱՏՄ անդամ երկրների շուկայի թիվն է»:

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի գերակշռող մեծամասնությունը գնում է ԵԱՏՄ շուկա, առավելապես Ռուսաստանի Դաշնություն, արտահանում է արվում նաև դեպի Վրաստան:

Նախորդ տարվանից սկսած նկատվում է խաղողի արտահանման ծավալների էական աճ: Փոխնախարարը տեղեկացրեց, որ հայկական թարմ պտուղ-բանջարեղենը սկսել է վաճառվել ոչ միայն մեծածախ շուկաներում, նաև՝ մանրածախ: «Կամաց-կամաց ընդլայնում ենք մեր մուտքը մանրածախ շուկաներ: Այս տարի ծիրանն ավելի շատ քանակով արտահանվել է Ֆրանսիա, Գերմանիա՝ հենց մանրածախ շուկաներում վաճառելու նպատակով»,-ասաց Խոջոյանը:

Այս տարի մեծ ծավալով՝ շուրջ 29 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել, ողջ 2020-ի արտահանումը կազմել է շուրջ 9 հազար 500 տոննա: Նույն տեմպերով աճում է նաև լոլիկի արտահանումը, այս տարի արդեն արտահանվել է 24 հազար 500 տոննա լոլիկ: Դա գրեթե նույնն է, ինչ ողջ 2019-ի ընթացքում արտահանվածը: 2020-ի ընթացքում արտահանվել է 28 հազար 800 տոննա լոլիկ, փոխնախարարը վստահ է՝ այս տարի այդ ցուցանիշը կգերակատարվի:

Սակայն այս տարի նվազում է նկատվում վարունգի արտահանման ծավալներում: Փոխնախարարը ներկայացնում է նաև սրա պարզաբանումը՝ արտահանողները պարզապես զգուշավորություն են ցուցաբերել: Գարնանը եղանակային պայմաններով պայմանավորված՝ Լարսի անցակետում խնդիրների լուծումն ավելի երկար է ձգձգվել, քան նախորդ տարի: «Այս տարի հերթերն ավելի շատ էին: Դա է պատճառը, որ շատ վարունգ արտադրողներ ուղղակի փոխեցին իրենց մշակաբույսերը, վարունգի փոխարեն սկսեցին արտադրել լոլիկ կամ այլ մշակաբույսեր, քանի որ, եթե լոլիկը արտահանման ժամանակ կարող է 21 օր ճանապարհ գնալ, ապա վարունգի դեպքում արտահանողն իրեն այդպիսի շռայլություն չի կարող թույլ տալ»,-ասաց փոխնախարարը:

 Ռիսկերը հաշվի առնելով՝ շատ ջերմոցատերեր այս տարի պարզապես վարունգ չեն աճեցրել, որոշներն էլ այդ վարունգը պարզապես չեն արտահանել, սպառել են հենց տեղական շուկայում: Փոխնախարարի խոսքով՝ հայկական թարմ պտուղ-բանջարեղենի 18 տոկոսն արտահանվում է, 9 տոկոսը վերամշակվում, մնացածը սպառվում տեղական շուկայում:

Խոջոյանը վստահեցրեց, որ սակայն գյուղատնտեսական սեզոնին՝ հունիսից սկսած մինչև այժմ արտահանման գործընթացում խնդիրներ չեն գրանցվել, այս պահին անխոչընդոտ արտահանում է իրականացվում:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]